Մայիսյան կարկուտները մի քանի րոպեում ոչնչացրեցին Արարատի, Արմավիրի մարզերի որոշ համայնքների բնակիչների ամիսների աշխատանքը: Գյուղացին ծանր ընտրության առաջ է կանգնած՝ վճարել վարկը, որ վերցրել է սերմնացուի համար, թե վաճառել տունը՝ տոկոսները փակելու։
Կառավարությունից փոխհատուցման մասին դեռևս չեն խոսում: Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները ոլորտի պատասխանատուից հետաքրքրվեցին՝ փոխհատուցելո՞ւ են վնասը, հաշվարկ կա՞, թե քանի հեկտար է ոչնչացրել բնական աղետը: Նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ հանձնաժողով ստեղծվել է, երեկվանից աշխատում են, բայց վնասի չափերի մասին մանրամասներ հայտնել դեռ չի կարող՝ տեղ կա վնասը բավականին մեծ է, տեղ կա զգալի չէ:
«Կգնահատենք, վնասի ծավալը կհասկանանք, ըստ այդմ կտեսնենք ինչ վնասի մասին է խոսքը, ինչքան փոխհատուցում է դրա համար պետք և ըստ այդմ որոշումը կկայցվի», - նշեց Պապոյանը:
Մինչ կառավարությունը հաշվում է, բանկը չի սպասում՝ իր տոկոսներ է պահանջում, ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանը նաև հիշեցնում է՝ գյուղացու վնասը վաղն արտացոլվելու է գյուղատնտեսական ոլորտում:
«Էս ամեն ինչից տուժում է գյուղատնտեսությունը, մեր գյուղացին, որը քրտնում է, չարչարվում է, վարկային միջոցներ է վերցնում և այս ծանր վիճակում, ծանր պայմաններում մի հատ էլ կարկուտը, էն, որ ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, մի հատ էլ կարկուտը գալիս եղած բերքն էլ ավերում է, մենք էլ ընկնում ենք, ասում ենք՝ տեսնենք կարա՞նք փոխհատուցում տանք, չենք կարա», - ասաց Դանիելյանը:
«Մենք կանխարգելիչ միջոցառումներ էինք իրականացրել», - ընդգծեց Պապոյանն՝ ասելով, թե ամեն տարի կրկնվող խնդիրն ինստիտուցիոնալ լուծումներ են տվել, մասնավորապես կառավարության ֆինանսավորմամբ այս տարի 70-80 տոկոսով ապահովագրավճարները փոխհատուցվում են:
Կառավարության ծրագիրը փաստացի թիրախին չի հասել, քանի որ արդեն որերորդ տարին է՝ վնասվում է Արմավիր մարզի Վանանդ գյուղի գյուղատնտես Արաբո Փիլոյանի հեկտարներով տարածքը, սակայն նրան վերջին տարիներին չի հաջողվում ապահովագրել:
«Իրենք չեն ապահովագրում, այն տարիներին ոնց էր՝ ապահովագրությունը զանգում էր, ասում՝ ամեն ինչ ուժի մեջ է, կարող եք գալ ապահովագրել, իրանց վրայից ուղղակի մաքրում են: Ես էլ հետաքրքրվել եմ, ասում են՝ տեղեր կան, եթե պաստայանի կարկուտ է, չենք ապահովագրում», - ներկայացրեց Փիլոյանը:
Գյուղոլորտը համակարգող նախարարն անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք կա՛մ չեն հասցրել, կա՛մ չեն ապահովագրել իրենց այգիներն ու ասաց, թե նախորդ տարի նույնպես նման խնդրի բախվել են. - «Բավական դժվար, ծանր աշխատանք ունեցանք բանկային համակարգի հետ, և ըստ էության, բոլոր դեպքերը առանձին-առանձին դիտարկել ենք և փորձել ենք օգնել խնդիրը կարգավորելու համար»:
Արաբո Փիլոյանը հողը վարկով մշակած գյուղատնտեսներից էր, ինչի մասին է խոսում նախարարը՝ չգիտի. - «Ոչ ինչ -որ տոկոս է հետ գցել, ունեցել եմ երկու մեքենա, տարել էժան գներով ծախել ու վարկը փակել եմ»:
Հենց Փիլոյանների ընտանիքին պատկանող հողի հարևանությամբ գտնվող հակակարկտային կայանը նախօրեին չի աշխատել, սակայն էկոնոմիկայի նախարարը խոսել է Արարատի մարզպետի և Արտաշատ համայնքի ղեկավարի հետ ու պնդեց, թե կայանները գիշերը ողջ ծավալով աշխատել են: Միևնույն ժամանակ նկատեց՝ գիտականորեն ապացուցված փաստ է, որ հակակարտային կայանները թեև բավական արդյունավետ են, բայց երբեք 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ունենում: Խոստացավ՝ վնասի չափը կհասկանան և կառավարության հնարավորությունների սահմաններում կլինեն քաղաքացու կողքին:
Անցած տարվա կարկուտից տուժած Արաբո Փիլոյանը, որի վնասը ևս պաշտոնյաները եկել ու հաշվարկել էին, ասում է՝ այդպես էլ որևէ փոխհատուցում մինչ օրս չի ստացել: