Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք պահանջում էին Թրամփի վարչակազմից դադարեցնել մի քանի հեռարձակողների, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսական միջոցների արգելափակումը: Այս հեռարձակողները լրատվություն են տրամադրում սահմանափակ կամ ընդհանրապես ազատ մամուլ չունեցող երկրներին:
ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը մայիսի 1-ի ուշ երեկոյան կիրառել է այսպես կոչված «վարչական կասեցում» միջոցը՝ «բավարար հնարավորություն» տալու՝ քննարկելու ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալության (USAGM) անունից Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունները։
Երեք դատավորները, որոնցից երկուսին նշանակել է Դոնալդ Թրամփը, երրորդին՝ նախագահ Բարաք Օբաման, միևնույն ժամանակ նշել են, որ այս որոշումը «չպետք է որևէ կերպ մեկնաբանվի որպես այս միջնորդությունների վերաբերյալ բուն որոշում»:
Մի քանի օր առաջ ԱՄՆ դաշնային դատարանը կարգադրել էր ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալությանը հատկացնել Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին: