Հայաստանը 9 միավորով բարելավել է իր դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության ամենամյա սանդղակում. 34-րդն է 180 երկրների շարքում: Հայաստանյան մեդիան բազմակարծիք է, բայց բևեռացված, արձանագրել է միջազգային կազմակերպությունը, փաստել, որ երկիրն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։
Հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, ըստ կազմակերպության, կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման հանդիպել իրենց խմբագրական քաղաքականության հարցում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը միաժամանակ նկատում է, որ սակավաթիվ անկախ լրատվամիջոցները՝ «Սիվիլնեթը», «Հետքը», «Ֆակտոր ԹՎ»-ն, «Ազատությունը» զարգանում են և անկախ վերահսկողի դեր կատարում, ինչը «կարևոր է ժողովրդավարության համար»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը զեկույցին ծանոթ է և գիտի՝ ինչն է ընկած բարելավման հիմքում. - «Նախորդող տարվա ընթացքում լրատվամիջոցների, խոսքի ազատությունը սահմանափակող իրավական ակտեր չեն մշակվել և ընդունել, ի տարբերություն նախորդող տարիների, սա լուրջ առաջընթաց էր: Մյուս դրականը այն է, որ լրատվամիջոցները ֆիզիկական անվտանգ միջավայրում են գործել, այսինքն՝ չեն եղել բռնություններ, ծեծ, հաշվեհարդարներ լրագրողների հետ»:
Իրավապաշտպանները լրագրողների նկատմամբ թիրախավորված ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրել, բայց անցած տարի ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանության գործողության ընթացքում առնվազն տասը լրագրող էր տուժել:
Հայաստանում խոսքի ազատության հատուկ բարելավում չի նկատում «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը: Կարեն Հարությունյանը լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունք է տեսնում, որակումները, բարձրաստիճան պաշտոնյանների կողմից քամահրանքը միայն ավելանում է:
«Երբեմն մենք տեսնում ենք, որ ամենահեղինակավոր լրատվամիջոցները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարող են դեղին մամուլ որակվել», - նկատեց Հարությունյանը:
Մանրամասները տեսանյութում.