Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, թե պատրաստ է հաղթել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմում։ Քարնին խոստումը տվել է երեկվա ընտրություններում տարած հաղթանակից հետո, որով լիբերալները չորրորդ անգամ անընդմեջ կառավարություն ձևավորելու իրավունք են ստանում, ինչը հազվադեպ երևույթ է կանադական քաղաքականության մեջ։
«Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա Կանադան վերցնել իր տիրապետության տակ, բայց դա երբեք տեղի չի ունենա», - ասել է նա։
Հունվարին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել հարևան երկրի հանդեպ և մի քանի անգամ հայտարարել, թե Կանադան պետք է դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։
Չինաստանը շնորհավորել է Քարնիին, ընդգծելով, որ պատրաստ է բարելավել հարաբերությունները, Եվրամիության ղեկավարը հայտարարել է, որ դաշինքը կաշխատի նրա հետ՝ «ազատ և արդար առևտուրը պաշտպանելու» համար։