Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը Հռոմում Հայաստանի նախագահի հետ քննարկել է իր առաջիկա այցը Հայաստան: Երկու պաշտոնյաները մասնակցում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը:
«Վերահաստատեցի Եվրամիության ամուր հանձնառությունը ամրացնելու մեր կապերը, տեսակետներ փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի, այդ թվում Հայաստան-Ադրբեջան կարգավորման ու տարածաշրջանի խաղաղության մասին», - X-ում գրել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը:
Նախօրեին Կալլասը Ադրբեջանում էր, որտեղ հանդիպել էր նախագահի և արտգործնախարարի հետ: Բաքվից հետո նախատեսված էր Եվրամիության արտգործնախարարի այցը Երևան: Բրյուսելում «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այցը հետաձգվել է, քանի որ Կայա Կալլասը մեկնում էր Հռոմ՝ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հստակեցրել Եվրամիության գլխավոր դիվանագետի երևանյան այցի ժամկետը: