Մատչելիության հղումներ

«Հավասարակշռված, օրինապահ տղա էր». Սահմանապահ զորքերի մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել


Այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի առջև վարչապետի ելույթից ժամեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանի մահվան մասին:

19-ամյա ժամկետային զինծառայողն, ըստ ԱԱԾ-ի մահացել է ապրիլի 25-ին՝ իրեն ամրակցված զենքից: Ինքնասպանությո՞ւն է, թե՞ այլ բան. Քննչական կոմիտեից «Ազատության» զանգերին չարձագանքեցին, մանրամասներ չեն հայտնում: Երկրորդ օրն է՝ քրեական հոդվածի մասին էլ տեղեկություն չկա:

Սահմանապահ զորքերի օրվա առիթով վարչապետի 15 րոպեանոց ելույթում բառ չկար այս ողբերգության մասին: Ոչ անդրադարձավ, ոչ էլ ցավակցեց: ԱԱԾ-ի հաղորդագրությունում էլ ցավակցակություն չկար:

Դեպքը Սյունիքի ստորաբաժանումներից մեկում է եղել: 19-ամյա Արթուր Ավետիսյանն էլ է Սյունիքից, Աշոտվան համայնքից: Ինն ամիս առաջ էր զորակոչվել, «Ազատության» հետ զրույցում ասաց Աշոտավանի վարչական ղեկավար Արմեն Բեգլարյանը:

«Հավասարկշռված տղա էր, խելացի, կազմակերպված, օրինապահ, կարգապահ, ուսումնական բարձրագույն հաստատություն ընդունված, ծնողներն էլ մանկավարժներ են», - պատմեց վարչական ղեկավարը:

Մահվան պատճառների մասին վարկածներ լսել են, բայց Բեգլարյանը չցանկացավ դրանց մասին խոսել, քանի որ նախաքննություն է:

Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպքի հետեւում իշխանության ոչ պատշաճ պատասխանատվությունն է, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով: Ըստ նրա՝ պատասխանտու պաշտոնյաները առաջինը պետք է անդրադառնային դեպքին, ցավակցեին ու գիտակցեին սեփական պատասխանատվությունը:

«Սա պետք է լինի ահազանգ, թե որոնք են այն գործոններն ու հանգամանքները, որ հանգեցրել են նման տխուր արդյունքի: Սա է մոտեցումը, պատասխանատվության գիտակցում ու պատճաշ քննության իրականացման պահանջ ու պատճառների վերացման ջանքեր»,- ասում է իրավապաշտպանը:

Այս տարվա երրորդ դեպքն է, որ զինծառայող է մահանում ոչ մարտական պայմաններում: Անցած տարի մահվան 36 դեպք է գրանցվել ոչ մարտական պայմաններում, 5-ը առողջական խնդիրների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG