Իր հատուկ բանագնացի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումից հետո ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Մոսկվային ու Կիևին կոչ է արել բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել՝ ավարտին հասցնելու պատերազմը դադարեցնելու գործարքը:
Պուտինի ու ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի երեք ժամ տևած հանդիպումից հետո Թրամփն ասել է, թե երեկ բանակցությունների «լավ օր էր»: Ռուսաստանի նախագահի օգնականն իր հերթին բանակցությունները «արդյունավետ» է գնահատել և ասել, որ դրանք մոտեցրել են Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տեսակետները:
«Նրանք շատ մոտ են համաձայնությանը, կողմերը պետք է շատ բարձր մակարդակի հանդիպում ունենան՝ վերջակետ դնելու համար», - իր սոցցանցում գրել է Հռոմի պապի հուղարկավորության համար Հռոմ ժամանած Դոնալդ Թրամփը. «Կետերի մեծամասնությունը համաձայնեցված է: Վերջ տվեք արյունահեղությանը ՀԻՄԱ: Որտեղ պետք լինի, մենք ներկա կլինենք, որպեսզի օգնենք ավարտել այս դաժան ու անիմաստ պատերազմը»:
ԱՄՆ վարչակազմի խաղաղության ծրագիրը նշանավորվում է ամերիկյան քաղաքականության խոշոր փոփոխությամբ՝ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը Ուկրաինայի Ղրիմի նկատմամբ: