Ավելի քան 10 օր մնալով խորհրդակցական սենյակում` ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած օրենքը, որով դատախազությունը ապօրինի է որակում քաղաքացիների ունեցվածքն ու դիմում դատարան՝ դրանք պետության օգտին բռնագանձելու:
Բարձր դատարանն իր եզրակացության մեջ, սակայն, երկու մեկնաբանություն է արել օրենքի 5 րդ և 24-րդ հոդվածների վերաբերյալ: Ըստ այդմ, դատարանը եզրահանգել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև՝ այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ:
Մնացած դրույթները բարձր դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:
Որոշմանը, այդ թվում` ՍԴ երկու մեկնաբանություններին ավելի մանրամասն կանդրադառնանք դրա հրապարակումից հետո:
Սահմանադրական դատարանը երկու տարուց ավելի է քննում էր՝ արդյոք Փաշինյանի օրոք ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը: Դատարանից ամիսներ շարունակ չէին պարզաբանում, թե ինչու իրենց քննության ընթացքում չեն կասեցրել օրենքի կիրառումը, այնինչ այս ընթացքում դատախազությունը շարունակում է մեկը մյուսի հետևից բողոքներ ուղարկել դատարան, պահանջել ապօրինի որակել անցած 30 տարիներին ունեցվածք կուտակածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների գույքն ու փողերը:
Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով: