Մատչելիության հղումներ

Նամակ ենթադրաբար համայնքապետից՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանը մասնակցելու հորդորով


Էլեկտրոնային փոստով նամակ համայնքապետից՝ վարչապետի տիկնոջ առաջնորդած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը մասնակցելու հորդորով: Համացանցում մի սքրինշոթ է տարածվել, որտեղ ենթադրաբար Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի ապրիլի 9-ին ուղարկված նամակն է: «Շտապ» դասակարգմամբ նամակի հենց սկզբում մեծ տառերով գրված է՝ «մեկ ժամվա ընթացքում գրանցվեք և ուղարկեք գրանցվածների ցանկը»: Գործընկներին ուղղված գրությունում նաև հուշում կա՝ կարող են գրանցել նաև աշխատակիցներին:

Արդյոք այսպիսի նամակը վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞. Սափեյանի գրասենյակից մեկնաբանություն ստանալ այսօր չհաջողվեց: Համայնքապետարանից ասացին՝ ավելի ուշ մեզ հետ կկապվեն. պատասխան զանգ առայժմ չենք ստացել: Սափեյանը նախօրեին Factor TV -ի հետ զրույցում պնդել էր՝ ինքը «Կրթվելը նորաձև է» շարժման հետ կապ չունի և «դահլիճ լցնելու» հարց չկա:

«Կրթվելը նորաձև է» շարժումը ապրիլի 19-ին է Թալինում լինելու, ավելի կոնկրետ՝ Ներքին Բազմաբերդ գյուղի հանդիսությունների սրահում: Կբանախոսեն ինչպես առաջին տիկին Աննա Հակոբյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ համայնքապետը պնդում է, թե իրենք շարժման հետ կապ չունեն, մեր զանգերը Ներքին Բազմաբերդ հակառակի մասին են վկայում. - «Մի քանի օր առաջ ենք իմացել, որ էդ գրանցումը էլեկտրոնային ձևով ա լինում, իմացել ենք, համայնքապետարանից են զգուշացրել»:

Ներքին Բազմաբերդի մանկապարտեզի ու դպրոցի ղեկավարներին զանգահարեցինք՝ փորձելով հասկանալ՝ իրենք ու ենթակաները պատրաստվու՞մ են մասնակցել միջոցառմանը: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը չթաքցրեց՝ հանդիպման մասին հենց Թալինի համայնքապետարանից են իմացել, ինքն էլ աշխատակիցներին է փոխանցել: Նա պնդում է՝ ստիպելու հարց չկա, ով չի ուզում, կարող է չգալ. - «Հայտարարել ենք, որ, սենց, էդ օրը գյուղում հանդիպում ա, հիմի ով կցանկանա թող մասնակցի, ով չէ, չէ»:

Կամա թե ակամա փակագծեր բացեց գյուղի մանկապարտեզի ղեկավարը. մասնակցելու են, անձնակազմին էլ ինքն է հայտնել. - «Ով ցանկություն ա հայտնել միացել ա, ով ցանկություն չի հայտնել, չի գալիս»:

Մանկապարտեզի տնօրենն ասաց՝ «որպես ղեկավար միանշանակ պետք է ներկայացնի». ի՞նչ պետք է ներկայացնի և ո՞ւմ չմանրամասնեց, մեր ճշգրտող հարցից հետո չցանկացավ շարունակել զրույցը:

Գյուղի հանդիսությունների սրահը 400-ից 500 մարդ կարող է ընդունել. ասում է Ներքին Բամզաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը. այսինքն, եթե Թալինի այլ դպրոցներում ու մանկապարտեզներում էլ նման «իրազեկումներ» արվեն, ենթականերն էլ որոշեն ներկայանալ, փոքր սրահի մի զգալի մասը կարող են լրացնել միայն համայնքապետական հիմնարկների ներկայացուցիչները:

Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավարը նույնպես ցանկանում է ներկա լինել, հետաքրքրված է, սակայն, վստահեցրեց՝ համայնքապետ Տավրոս Սափեյանից այդպիսի էլեկտրոնային նամակ չի ստացել:

Ի դեպ, Աննա Հակոբյանի թիմակիցներն արդեն Թալինում են: Վարչապետի տիկնոջ օգնական Ստելլա Սարուխանյանն այլ աջակիցների հետ գյուղերի դպրոցներում, այդ թվում՝ Ներքին Բազմաբերդում հանդիպումների շարք է անցկացնում ՝խոսելով կրթությունից, գյուղատնտեսությունից:

Արդյոք դպրոցական այս հանդիպումները ապրիլի 19-ին սպասվող մեծ միջոցառմանն նախերգանքն ու նախապատրաստությունն են, պարզ չէ:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG