Ազատանցի Անդրանիկ Ոսկանյանը վստահ է՝ Ռուսաստանի հեռավոր Արևելքում, Յուժնո - Սախալինսկ քաղաքում, իրեն են փնտրում արտաքսվելուց հետո՝ արդեն երկու ամիս:
33 տարի Ռուսաստան խոպան գնացող-եկող Անդրանիկը պնդում է՝ մինչև այս վերջին խստացումները որևէ խախտում այդ երկրում՝ նույնիսկ ճանապարհային տուգանք չի ունեցել, իր խոսքով, մի աննշան պատմություն է եղել, որ կարող էր տուգանքով ավարտվել, բայց նա նախ կալանավայրում է եղել, ապա միգրանտների կենտրոնում, մի ողբերգական վայր՝ իր բնորոշումն է:
Չգիտի ինչո՞ւ են իրեն այդ կենտրոնում երկու ամիս պահել, հատկապես որ արտաքսման որոշումն ասում է՝ կար: Հիմա Ազատանի իր տանը անգործ նստած Անդրանիկը չգիտի՝ ում դիմի, որ խոպանի ճամփան բացվի, թեպետ ամեն ինչ այնքան է բարդացել, որ իր ձևակերպմամբ՝ շան տանջանք են քաշում:
Միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նոր որոշումը, որ կգործարկվի հունիսի 30-ից. - «Բջջային հավելված, որը արդեն իսկ խոսվում է, որ կկոչվի RUID, այդ բջջային հավելվածն օտարերկրացին պետք է նախապես բեռնի իր հեռախոսի մեջ, բացի իր էջը, դրա միջոցով կտեղեկացնի ՌԴ-ին, որ պատրաստվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Դա պետք է անի ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Եթե արտակարգ իրավիճակ է, այդ դեպքում 4 ժամ առաջ»:
Ռուսաստան մուտք գործելու ցանկության մասին տեղեկացնելուց հետո, երբ համակարգում ստուգվում են անձի վերաբերյալ տվյալները, նա կոդ է ստանում, առանց որի դաշնություն մուտք գործել չի կարող: Ըստ Բեժանյանի, սա արդեն կայացված որոշում է, այժմ ընթացակարգն է քննարկվում, դեռ պարզ չէ, այն վերաբերելու է բոլոր, թե միայն աշխատանքային միգրանտներին:
Ապրիլի 1-ից էլ ուժի մեջ է մի նոր կարգավորում ըստ որի միգրանտների երեխաները դպրոց ընդունվելիս պիտի ռուսերենի քննություն հանձնեն, իսկ այս տարվա սկզբից ուժի մեջ մտավ Ռուսաստանում գտնվելու ռեժիմի վերաբերյալ փոփոխությունը՝ տարվա մեջ միայն 90 օր կարող են այնտեղ մնալ օտարերկրացիները, որ աշխատելու համար չեն գնացել, սա, ըստ Տաթևիկ Բեժանյանի, շատ լուրջ խնդիրներ է ստեղծել ուղևորա- և բեռնափոխադրող ընկերությունների համար:
«Այս հարցը մենք բարձրացրել ենք և՛ մեր ՆԳՆ-ի, և՛ ՌԴ ՆԳՆ-ի, և՛ ԱԳՆ-ն է տեղյակ դրանից, և՛ ԵԱՏՄ հանձնաժողովներն են տեղյակ: Մենք հնարավոր բոլոր հարթակներում այս հարցը բարձրացրել ենք, ու Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ անշուշտ իրենք տեղյակ են խնդրից, հասկանում են, որ դա խնդիր է, բայց դեռ լուծում չունեն», - ասա Միգրացիոն ծրագրի փորձագետը:
Բեժանյանն ավելի քան 15 տարի դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերի ուսումնասիրությամբ է զբաղվում, ասում է ԵԱՏՄ անդամ երկրի՝ Հայաստանի քաղաքացիները որևէ արտոնություն չունեն, որևէ խստացում չի շրջանցում ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին: Իրավիճակը էլ ավելի է բարդացրել այս փետրվարից գործարկված վերահսկվող անձանց ռեեստրը, այս էլեկտրոնային բազայում այն միգրանտներն են, որ թեկուզ աննշան իրավախախտում են արել:
Հայկական Կարիտասում շուրջ 500 դիմում ունեն՝ մարդիկ իրավական աջակցություն են խնդրում այդ ռեեստրից դուրս պրծնելու համար:
Ներքին գործերի նախարարության տվյալով՝ նախորդ տարի Ռուսաստանից 92 հայաստանցի է արտաքսվել, 16 հազար 354 հոգու համար էլ այդ երկիր մուտքի արգելք կա:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.