«Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներից ոչ ոք չկարողացավ պատասխանել՝ ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ երեկ Ազգային ժողովում հայտարարեց, թե ժողովուրդը կետ առ կետ գիտի՝ ինչի մասին է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որի տեքստը կողմերը համաձայնեցրին մոտ երկու շաբաթ առաջ: Հարցը խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր բարձրացրել։
«Բա որ չգիտեք կետերի մասին, ի՞նչ գիտեք, որ հայեր ենք հետ վերցնելու, բա ինչի՞ եմ հայտարարել, հայտարարել եմ, որ ոչ մեկը հանկարծ դրա մասին չիմանա՞, որտեղի՞ց գիտեք երրորդ կողմերի ուժեր կանգնելու են, թե՞ չէ, որտեղի՞ց եք իմացել», - ասել է Փաշինյանը:
Անցորդներից ոմանք լսել էին վարչապետի հայտարարած այս երկու կետերի մասին, սակայն շարունակում էին պնդել, որ համաձայնագրի ստորագրումից առաջ այն պետք է ամբողջությամբ ներկայացվի հանրությանը, հակառակ դեպքում կարող է տարընթերցումների պատճառ դառնալ։
Նիկոլ Փաշինյանը երեկ էլ խորհրդարանում պնդում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջում։ Իսկ կբերի՞ արդյոք սպասված փաստաթուղթն այդ սպասված խաղաղությունը։ Մեզ հետ զրուցած քաղաքացիներն իշխանության լավատեսությունը չէին կիսում։
«Կա՛մ շարունակում ենք ղարաբաղյան շարժումը, կա՛մ գնում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ»,- հերթական հայտարարությունը, որ Փաշինյանը երեկ արեց խորհրդարանում՝ փաստացի ջրբաժան դնելով իշխանության և ընդդիմության միջև: