Մատչելիության հղումներ

«Վարդան Ղուկասյանը լավ է, բայց հասկանում է՝ Հայաստանում իրեն կարող են սպանել». ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձել է Ղուկասյանի գործին


«Դատական ակտն ուսումնասիրվում է»

Ինչո՞ւ է Լաս Վեգասի դատարանը մերժել ԱՄՆ-ում կալանավորված նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել ամերիկացի դատավորը, համաձայն որոնց ԴՕԿ կուսակցության ղեկավարը կշարունակի մնալ անազատության մեջ: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որ երեկ երեկոյան է ստացել դատավորի որոշումը, առայժմ փակագծեր չի բացում:

«Դատավորը տվյալ դեպքում, գնահատելով ներքին համոզմունքը, գտել է, որ այս պահին վարդան Ղուկասյանին ազատ չի արձակելու ու դրանով հարցը համարել է փակված: Իհարկե, կան որոշակի պատճառաբանություններ, դատական ակտն ուսումնասիրվում է, հետագայում լրացուցիչ տեղեկություն կտամ», - ասաց Ղուկասյանը:

«Ազատության» հարցին՝ «որոշման մեջ գրվո՞ւմ է, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործին կամ փախուստի կդիմի, փաստաբանը պատասխանեց. - «Հաշվի առնելով ինչպես իմ վստահորդի շահը, այնպես էլ նաև արդարության շահը, զուտ պատճառաբանական մասին չեմ անդրադառնում»

ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:

Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը:

Հենց այս հարցերի քննությանը զուգահեռ է ամերիկյան դատարանը անդրադարձել Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցին ու մերժել փաստաբանների միջնորդությունը: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել

Ի դեպ, Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներում նախօրեին տեղեկություն տարածվեց, թե իբրև Ղուկասյանի փաստաբանական խումբը ԱՄՆ -ում ցանկանում է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր աշխատել են Հայաստանի պետական կամ ուժային կառույցներում և ցանկանում են հաղորդում տալ Հայաստանի կոռուպցիոն իրավիճակի մասին: Տարածվել է նաև կոնկրետ հեռախոսահամար՝ խոստանալով երաշխավորել այդ անձանց գաղտնությունը:

Լևոն Բաղդասարյանը, սակայն, հերքում է այս տեղեկությունը՝ հորդորելով փաստաբանների անունից Շերլոկ Հոլմս չխաղալ. - «Այն անձինք, ովքեր պղտոր ջրում ցանկանում են ձուկ բռնել, խորհուրդ եմ տալիս փաստաբանական թիմի տիրույթից դուրս գան»:

ԴՕԿ կուսակցության ղեկավարի դատական գործը հայտնվել է նաև տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Ղուկասյանին կալանքի տակ պահելու ամերիկացի դատավորի որոշմանը նախօրեին անդրադարձել է Լաս Վեգասում գործող հեռուստաընկերություններից մեկը: Լրատվամիջոցը նշել է, թե Վարդան Ղուկասյանը, որին նկարագրում են իբրև քաղաքական փախստական, գտնվում է միգրացիոն ծառայության կալանավայրում և դատավորը մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը:

«Այս մարդը Հայաստանից է և նրա աջակիցները ցանկանում են, որ նախագահ Թրամփը ներգրավվի այս գործում»:

Լրատվամիջոցը զրուցել է ԴՕԿ կուսակցության ղեկավարի աջակիցներից մեկի հետ, ով պնդել է, թե Վարդան Ղուկասյանը քրեական հանցագործ չէ: Նա 2-3 տարի ապրել է ԱՄՆ-ում և որևէ վատ բան չի արել, ինչը կարող են ստուգել: Գայանե Մանուկյանն ասել է, թե հանրային պաշտպանն իրենց ասել է, որ ամեն ինչ դրական է զարգանում, և հույս կա որ Ղուկասյանն ազատ կարձակվի, բայց դա տեղի չի ունեցել:

Մանուկյանն ամերիկան հեռուստաընկերությանը նաև ասել է, թե անցած կիրակի կալանավայրում հանդիպել է Վարդան Ղուկասյանին, որն ասել է, թե լավ է, բայց և հասկանում է, որ եթե վերադառնա Հայաստան, ապա այնտեղ իրեն կարող են սպանել:

«Ուզում ենք, որ դատարանը արդար որոշում կայացնի և փրկի Վարդանին և նրա մոր կյանքը, նրանց պահելով այս երկրում», - նշել է Մանուկյանը:

Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, թե Ղուկասյանը քաղաքական ապաստան հայցելով ԱՄՆ է մուտք գործել 2022-ին: Հղում անելով հայկական լրատվամիջոցներին, "8 News Now"-ն նշում է, որ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի և դատավորի հասցեինք սպառնալիքներ հնչեցնելու համար և որ Հայաստանի իշխանությունները նրան արտահանձնելու խնդրանքով են դիմել: Բայց ինչպես Ղուկասյանի աջակիցներն են պնդում են, նա հետապնդում է կառավարությանը քննադատելու համար:

Տեղեկացնելով, որ մինչև Լաս Վեգաս մեկնելը Վարդան Ղուկասյանի աջակիցները երթ են անցկացրել Լոս Անջելեսում, լրագրողը եզրափակում՝ պարզ չէ՝ արդյոք Վարդան Ղուկասյանը կարտաքսվի Հայաստան, թե՝ ոչ:




XS
SM
MD
LG