Մատչելիության հղումներ

Միրզոյան. Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի համար առաջնահերթություն է


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է դինամիկ զարգանալ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը Նյու Դելիում ելույթ ունենալով Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):

«Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և մենք այս հարաբերություններին նայում ենք երկարաժամկետ տեսանկյունից», - ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը:

«Վերջին տարիներին մեր հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց: Ես անպայման պետք է ընդգծեմ այստեղ, որ սա հնարավոր է եղել իմ սիրելի ընկերոջ և գործընկերոջ՝ դոկտոր Ջայշանկարի անձնական ներդրման և ամուր նվիրվածության շնորհիվ: Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ», - ընդգծել է նախարարը:

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հսկայական ներուժը», - հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նաև հանդիպում կունենա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Անցած ամիս էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր մեկնել Հնդկաստան, հանդիպել իր պաշտոնակցի՝ Ռաջնաթ Սինգհի հետ: Նրանք քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG