Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկի մասին տեղեկություններ չկան, թեև Բաքուն դեռ անցած շաբաթ էր օրը նշանակել


Մինչև այս պահը հայտնի չէ, արդեն 15-րդ օրը Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի՞, թե՞՝ ոչ: Օրը դեռ անցած շաբաթ էր նշանակված, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ շարունակվելու է, բայց որևէ տեղեկություն չկա դրա մեկնարկի մասին:

Բաքվում իր նկատմամբ անօրինությունների դեմ բողոքող Արցախի նախկին պետնախարարի դեմքին նախորդ նիստին առերևույթ կապտուկներ ու վերք կար: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգեց՝ Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:

Վարդանյանը Բաքվում՝ դատական նիստերից մեկի ժամանակ
Վարդանյանը Բաքվում՝ դատական նիստերից մեկի ժամանակ

Նախորդ նիստին, ըստ Ջարեդ Գենսերի, ադրբեջանցիներն անտեսել են, որ Վարդանյանը մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել, բայց դատը միևնույն է շարունակվել է:

Ազատ լրատվամիջոցների, անկախ իրավապաշտպանների բացակայության պայմաններում երեկ Բաքվում շարունակվել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ը միայն ուշ երեկոյան հաղորդեց, որ ցուցմունքներ են տվել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԼՂ-ի պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանը, Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե զղջում է իր սոցցանցի էջում հրապարակած որոշ հայտարարությունների համար, ասել, որ 2020-ի ամռանը լեռնային Ղարաբաղի բանակի զորավարժությունները ղեկավարել է Հայաստանի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, իսկ Ադրբեջանի խորք հարվածներ հասցնելու որոշումը կայացվել է Հայաստանում:

Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

Ըստ «Ազերթաջ»-ի՝ Հարությունյանը նաև պնդել է, թե բանակին առնչվող որևէ լիազորություն չի ունեցել, Ղարաբաղի հայերի անվտանգության պատասխանատուն էլ Հայաստանն է եղել:

Նույն՝ պետության կողմից վերահսկվող լրատամիջոցի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը նշել է, թե 44-օրյայի ընթացքում պատերազմը դադարեցնելու համար իբր «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը:

Հայաստանի իշխանությունների վարչապետի մակարդակով հայտարարել են, որ հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում արգելված միջոցներ են կիրառվում՝ նրանցից Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու համար:

Մինչ այս դատավարությունների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ու ավելի հաճախ են պնդում, թե հնչում են Հայաստանի ղեկավարների անունները, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ այս փուլում դժվար է լինելու շուտափույթ լուծումներ գտնելը, բայց Երևանի ջանքերը շարունակվում են։

«Ինչ-որ տեքստեր են տարածվում, այդ ցուցմունքներն, այդ ճնշման պարագայում, թե որքանով կարելի է դա միջազգային իրավունքից ելնելով հավատալ, որ դրանք ընդհանրապես տեղի են ունենում․․․ ո՞նց եք պատկերացնում՝ հիմա մենք բանակցություն վարենք, ասենք՝ «դատարանի նիստերի դահլիճից իրենց բաց թողեք»։ Այո՛, անում ենք դա, բայց ես չեմ հավատում, որ իրենք այդ ամեն ինչը կազմակերպել են, որ տենց կիսատ բան անեն», - ասաց Սիմոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG