«Իմ անունով վարկ են հաստատել, ես վարկի մասին իմացել եմ էլեկտրոնային փոստին եկած հաղորդագրության միջոցով: Դեկտեմբերի 14-ին վարկը հաստատել են, ես հաղորդագրությունը 16-ին եմ տեսել, որ՝ «Ձեր վարկը հաստատված է»: Ես զանգեցի IDBank, ինձ ասացին՝ «Դուք 2 միլիոն դրամ վարկ եք վեցրել». - Սոֆյա Խաչատրյանը ֆինանսական խարդախության զոհ է դարձել։ Է՛լ դիմել է ոստիկանություն, է՛լ ԱյԴի բանկ, պահանջել, որ կասեցվի ապօրինի գործարքը, բայց միայն արձանագրել են գողության ու խաբեության փաստը և տիկնոջը ճանապարհել։ Փաստացի հափշտակված 2 միլիոն դրամի վարկը տարեց կնոջ վրա է մնացել։
«Ու բացի այդ, ես մինիմալ աշխատավարձց ցածր եմ ստանում՝ 67 հազար դրամ է իմ աշխատավարձը, սեփականություն չունեմ, վարկային թույլ պատմություն, ապառիկ չնչին՝ 50-60 հազար դրամ հեռախոս եմ գնել՝ միակ վարկային պատմությունն այ է, ինչի՞ հիման վրա 2 միլիոն դրամ վարկը բանկում հաստատվեց», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սոֆյա Խաչատրյանը՝ շարունակելով. - «Ես երկրորդ բողոք-նամակը տարա բանկ, պահանջագիր, որ ինձ բացատրեն, թե ինչ ձևով է իմ անձը նույնականացվել: Բանկից ասում են՝ «դա համակարգն է անում, Դուք որ գրանցվել եք, քարտ եք վերցրել, արդեն հաշվի համար ունեք, Դուք արդեն նույնականացված եք: Բանկում սենց լղոզած պատասխաններ են տալիս»:
Այս կնոջ պես վերջին շրջանում մարդիկ պարբերաբար ահազանգում են, որ բանկ չեն ներկայացել, բայց իրենց անձնական տվյալներն ապօրինի օգտագործվել են. իրենց անունից վարկեր են ձևակերպվել, կամ զանգեր են ստացել, որոնց ընթացքում փորձել են կորզել իրենց անձնագրային տվյալները։
Մի քանի տասնյակ մարդ այսօր Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի էր դուրս եկել։ Ցուցանակների վրա տարբեր բանկերի անուններ էին՝ «ԱյԴի բանկ», «Ինեկոբանկ», «Արդշինբանկ»...
«Գլոբալ վարկային կազմակերպություն՝ նման, տեղն էլ չգիտեմ, քաղաք Ալավերդուց եմ, գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում 23 թվականին, այնինչ այդ թվականին իմ անունով հունիսի 16-ին երեք հատ մանր վարկեր են տրամադրվել, այդ մանր վարկերը արդեն հասել են 460 հազարի, ու հայտնվել եմ հարկադիրում», - պատմեց Սոնա Սոխակյանը:
Սցենարները տարբեր են, նպատակը՝ նույնը՝ մոլորեցնել մարդկանց և ձեռք բերել անձնական տվյալները։ Սոնա Սոխակյանը պնդում է, որ իր դեպքում անգամ որևէ հաղորդագրություն չի ստացել՝ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ էլ հեռախոսով։
«Իրենք ինձ ասացին, որ էս հեռախոսահամարն է տրամադրված, չեմ իմանում դա ում հեռախոսահամարն է, զանգահարել եմ, մի երիտասարդ տղա է վերցրել, ասել է՝ «էս համարը իմ մոտ նոր հայտնվել», - նշեց կինը: Զեղծարարությունը Սոխակյանը բացահայտել է փետրվարի 10-ին:
«2-3 րոպեի ընթացքում առանց իմ իմացության վարկ է տրամադրել մի հատ 330 հազար, մի հատ 500 հազար, երրորդը նույնպես ուզեցել է քաղաքացին վերցնի, նոր ինձ զանգել են, բա ՝ «Արմենուհի Հարությունյանը Դուք չե՞ք», ասում եմ՝ «ոչ», բա՝ «Ձեր քարտով գողություն է տեղի ունեցել, վարկ են վերցրել ու անմիջապես կանխիկացրել են, մենք էլ ոչ մի բան չենք կարող անել, դիմեք ոստիկանություն». - այս կինն էլ դեռ երկու տարի առաջ է տուժել «Ինեկոբանկ»-ից... մինչև հիմա գործը քննվում է։
Հենց այդ պատճառով էլ այսօր գլխավոր դատախազին նամակ փոխանցեցին՝ դժգոհելով իրավապահ համակարգի աշխատանքից։ Հարցնում են՝ չնայած հարուցված գործերին՝ ինչո՞ւ են բանկերը շարունակում պահանջել մարել խարդախությամբ ձևակերպված վարկերը։
«Պատշաճ կերպով քննչական գործողություններ, այնուամենայնիվ, չեն իրականացվել». - միայն 200-ից ավելի բողոք է ստացել «Հանրային վերահսկողություն» կազմակերպությունը: Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանն այսօր ցուցարարների հետ էր, պնդում է՝ բողոքների թիվը տարեցտարի աճում է. սա, ըստ նրա, արդեն խոսում է զանգվածային հանցագործության մասին։
Դատախազին գրություն հանձնելուց հետո ցուցարարները շարժվեցին դեպի Կենտրոնաբան բանկ՝ հարցով՝ ֆինանսական կայունություն ապահովող կառույցն ինչո՞ւ չի կանխում բանկային զեղծարարությունը։
«Եվ մենք ունենք կասկածներ, որ կա բանկերի շահագրգռվածությունը, և դա հնարավոր է, որ տեղի է ունենում նույնիսկ բանկերի միջոցով», - ընդգծեց Մհեր Կարագոզյանը:
Որտեղի՞ց են բանկերի հաճախորդների տվյալները հայտնվում հանցագործների մոտ։ «Ինեկոբանկ»-ից հերքում են իրենց բանկի աշխատակիցների միջոցով տվյալների արտահոսքը:
«Միանշանակ բացառում եմ տվյալների արտահոսքը բանկից, որ «Ինեկոբանկ»-ը, ու ոչ միայն մենք, այլ նաև բանկային համակարգը ընդհանուր առմամբ շատ լուրջ ծավալի ներդրումներ է կատարում հաճախորդների տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը ապահովելու համար: Ու այդ նպատակով մենք ներդնում ենք ամենաժամանակակից սարքավորումներ, ծրագրային ապահովում, որոնք ապահովում են, որ այդ տվյալները բացառիկ անվտանգ լինեն, տվյալների գծով 24/7 մոնիթորինգ լինի; Ու այդ ամենը մենակ մենք ինքնուրույն չենք փաստում՝ մենք նաև անցնում ենք միջազային սերիտիֆիկացումներ ու աուդիտներ ու ապահովում ենք համապատասխանությունը և՛ Կենտրոնական բանկի պահանջներին, և՛ միջազգային լավագույն փորձին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ինեկոբանկ»-ի ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար Արտյուշ Խոդերյանը:
Նա, սակայն, ընդունում է՝ բանկերի հաճախորդների տվյալները շարունակում են հասանելի լինել զեղծարարներին. խնդիրը, Խոդերյանի պնդմամբ, նաև այն է, որ մարդիկ հաճախ անփույթ են սեփական անձնական տվյալների հանդեպ. - «Նախ և առաջ, հեռախոսների մեջ շատերը ներբեռնում են կակածլի հավելվածներ, որոնք գրանցում են պահանջում հաճախորդի, այսինքն՝ նույնականացման տվյալներ են պահանջում: Երկրորդը՝ մենք նկատում ենք, որ բնակչության մի մասը իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամարներ դա կլինի, քարտերի համարներ կլինի, հաշվեհամարներ լինի, ազատորեն շրջանառում են սոցիալական հարթակներում, ապրանքների ու ծառայությունների առուվաճառքի կայքերում, առաքման տարատեսակ ծառայություններում: Դա էապես մեծացնում է, ցավոք սրտի, զեղծարարների հասանելիությունը այդ տվյալներին»:
«Ինեկո»-ից բացի այլ բանկեր էլ այս ընթացքում զգուշացնող հաղորդագրություններ տարածեցին։ «Ինկո»-ի աշխատակիցն էլ «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ իրենք էլ քայլեր են ձեռնարկում զեղծարարարությունը կանխելու համար. որոշ մեխանիզմներ գործում են, սակայն օրեցօր ծաղկող կիբերհանցագործությունը նոր մարտահրավերներ է նետում։
Հիմնական հորդորը մարդկանց մեկն է՝ ուշադիր և զգույշ լինել հատկապես օնլայն տիրույթում գործարքներ անելիս։
«Իրենց գաղտնաբառները չտրամադրեն, նույնիսկ եթե լինում են դեպքեր, որ բանկի աշխատակից են ներկայանում: Այսինքն՝ բանկը երբեք չի հարցնում հաճախորդից գաղտնաբառ», - ասաց Խոդերյանը:
Ոստիկանությունը պաշտոնական թվեր չի հրապարակում, իրավապահները, սակայն ընդունում են՝ մարդիկ օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ։