Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, քննարկել համագործակցության ռազմավարական ուղղությունները՝ կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Ըստ Իրանում Հայաստանի դեսպանության՝ Հակոբյանն ու Զարիֆն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Հակոբյանն ավելի վաղ էլ հանդիպել էր Իրանի առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի, Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ, քննարկել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Ռավանչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ։
Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին»։