Մոսկվան պատրաստ է կատարել Բաքվի պահանջը «Ռուսաստանի տան» գործունեության առնչությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը վերահաստատել է՝ պաշտոնական Մոսկվան ստացել է ադրբեջանական կողմի ծանուցումը՝ ռուսաստանյան կազմակերպության գործունեությունը Բաքվում դադարեցնելու կապակցությամբ։
«Ի պատասխան ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ քայլեր իրականացնել «Ռուսաստանի տան» գրանցումն ավարտին հասցնելու և այն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար», - Զախարովայի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը։
Անցած օրերին ադրբեջանական իշխանությունների կողմից վերահսկվող Baku TV-ն ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող ռուսաստանյան կառույցին մեղադրում էր հակաադրբեջանական լրտեսության մեջ։ Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Ադրբեջանի կառավարությունը արգելել է ռուսաստանյան կազմակերպության գործունեությունը՝ պաշտոնական պատճառ նշելով «որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությունը»։