Մատչելիության հղումներ

Դավոսում Փաշինյանը և Ռյուտեն քննարկել են ՆԱՏՕ-ՀՀ գործակցությունն ու երկխոսությունը


Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

«Վարչապետ Փաշինյանի հետ լավ քննարկում ունեցանք ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու շուրջ։ Հարավային Կովկասի տարածաշրջանը խիստ կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար», - գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը X-ի իր օգտահաշվում։

Ռյուտեն նաև կոչ է արել ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություն էլ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ըստ հայկական կողմի հաղորդագրության, կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի, Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Թաjլանդի վարչապետ Պաետոնգտարն Շինավատրայի, ինչպես նաև հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան, 2021 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանի հետ, Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարների հետ մասնակցել է The Washingtoon post պարբերական կողմից կազմակերպված «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG