ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը պաշտոնը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելուց ժամեր առաջ կանխարգելիչ ներում է շնորհել գեներալ Մարկ Միլիին, դոկտոր Էնթոնի Ֆաուչիին և Կոնգրեսի անդամներին, որոնք մասնակցել են 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող հանձնաժողովի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նախագահն այս արտակարգ գործադիր իրավասությունն օգտագործել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ Թրամփը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո կփորձի հետապնդել իր հակառակորդներին։
«Սրանք բացառիկ հանգամանքներ են, և ես մաքուր խղճով չեմ կարող ոչինչ անել: Անհիմն և քաղաքական դրդապատճառներով հետաքննությունները վնաս են հասցնում թիրախավորված անձանց և նրանց ընտանիքների կյանքին, անվտանգությանը և ֆինանսական ապահովությանը», - ասվում է Բայդենի հայտարարությունում, որը հրապարակվել է Սպիտակ տանը նախատեսված ավանդական թեյախմությունից մի քանի ժամ առաջ, ինչը տեղի է ունենում երդման արարողությունից առաջ:
Հիմնավորելով իր այս քայլը՝ Բայդենը նշել է, թե տագնապալի է տեսնել, որ պետական ծառայողները ենթարկվել են շարունակական սպառնալիքների և ահաբեկումների՝ իրենց պարտականությունները հավատարմորեն կատարելու համար: Ներում ստացած երեք անձինք էլ Թրամփի և նրա դաշնակիցների բուռն քննադատությանն են արժանացել իրենց գործունեության ընթացքում:
Ֆաուչին տասնամյակներ շարունակ ծառայել է որպես Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ԱՄՆ ազգային ինստիտուտի տնօրեն, այդ թվում՝ Թրամփի առաջին նախագահության ընթացքում՝ Covid-ի բռնկման ժամանակ, իսկ Միլին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում զբաղեցրել է Միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնը և զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփը ֆաշիստ է:
Բայդենն իր հայտարարությունում նշել է, որ ներումը չի նշանակում, որ նրանք մեղավոր են, այն պարզապես կանխարգելիչ նպատակ ունի:
«Այս ներումը չպետք է սխալմամբ ընկալվի որպես խոստովանություն, որ որևէ անհատ ներգրավված է որևէ օրինազանցության մեջ, և ոչ էլ դրա ընդունումը պետք է սխալ մեկնաբանվի որպես որևէ հանցագործության համար մեղքի ընդունում: Մեր պետությունը պարտական է այս պետական ծառայողներին՝ մեր երկրի հանդեպ նրանց անխոնջ նվիրվածության համար», - գրել է նա։
Բայդենի այս քայլն աննախադեպ է երկրի պատմության մեջ. նման լայնածավալ կանխարգելիչ ներումներ նախկինում երբեք չեն տրվել: Երբ նախագահ Ջերալդ Ֆորդը ներում շնորհեց իր նախորդին՝ Ռիչարդ Նիքսոնին, 37-րդ նախագահը կանգնած էր քրեական հետապնդման իրական սպառնալիքի առաջ: Ջո Բայդենի ցուցակում հայտնվածներից և ոչ մեկին, սակայն, քրեական հետապնդման ուղղակի վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, ԱՄՆ հեռացող նախագահը կարծում է՝ սպառնալիքն այնքան իրատեսական է, որ այս մարդկանց պաշտպանություն է անհրաժեշտ:
Կոնգրեսի բազմաթիվ անդամներ, որոնք աշխատել են Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող հանձնաժողովում, զարմացել են հեռացող նախագահի այս քայլից: Գեներալ Մարկ Միլին CNN-ին ասել է, որ ինքը և իր ընտանիքը «խորապես երախտապարտ են» Բայդենի այս քայլի համար: