2024 թվականի հուլիսից նախատեսվում էր առողջապահության ապահովագրական փաթեթը գործարկել նրանց համար, ովքեր պետական պատվերի շահառու են, որը, սակայն, հետաձգվեց: Այս այս փուլից հետո 2025-ին համակարգին պետք է միանային պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածը, իսկ արդեն 2027-ին՝ բնակչության 95 տոկոսը։ Պետությունը պետք է սուբսիդավորեր տարեկան 300 հազար դրամից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ վճարեին, տարեկան՝ 164 հազար դրամ:
Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Ազատություն». - Դուք ձախողում կանվանեի՞ք, որ այս ամռանն արդեն առողջապահական ապահովագրությունը պետք է մեկնարկեր, սակայն այժմ հետաձգվում է և, ըստ էության, անորոշ ժամկետով կարծես:
Ավանեսյան. - Նախ, շատ կարևոր է հասկանալ՝ այդ մեկնարկելու ընթացքը որտեղ էր ամրագրված և ինչ ձևաչափով, կառավարությունը անցյալ տարի ընդունեց հայեցակարգ, որտեղ սկզբունքային կետերը ֆիքսեցին, և ինչպես հայեցակարգերը սովորաբար անում են, տալիս են բարեփոխման ընթացիկ ժամկետներ: Բայց մենք հասկանում ենք, որ հայեցակարգից արդեն ռեալ բարեփոխում ընկած հատվածում լինում են փոփոխություններ թե՛ ժամկետների, թե՛ բովանդակության: Մենք այս տարի շատ մեծ աշխատանք ենք իրականացրել, ամբողջացնելու օրենսդրական փաթեթը, հաշվարկները, ձևաչափը, մոդելը, և ես հույս ունեմ, որ այս հաջորդ տարվա որոշակի հետաձգումը մեզ մի փոքր էլ ժամանակ կտա օրենսդրական փաթեթի վերջնական հատվածները հստակեցնելու և առաջ գնալու: Մի բան հստակ է՝ 2021-26 թվականներով մեր կողմից տրված քաղաքական խոստումը իրագործվելու է միանշանակ:
«Ազատություն». - Ի վերջո, փո՞ղն է խնդիրը, թե՞ այն, որ վստահ չեք՝ որակյալ ծառայություն ենք մատուցելու, դրա համար է հետաձգվում:
Ավանեսյան. - Մենք ապահովագրական բարեփոխումը չենք դիտարկում միայն ֆինանսների ավելացում կամ ֆինանսավորման ձևի փոփոխություն. այն իր մեջ ներառում է թե՛ որակի վրա արվող աշխատանքները, թե՛ հասանելիության, թե՛ դիմելիության աճը, որը մենք պետք է ակնկալենք: Ուստի կարող եմ ասել, որ մենք այսօր էլ դրա բաղադրիչները սկսել ենք գործարկել և գնում ենք այդ ճանապարհով: Անգամ տեղափոխման էսպես ժամկետի որոշակի հետաձգման շրջանակներում էլ մենք հաջորդ տարի ծառայությունների թե՛ գնային որոշակի փոփոխություններ ենք անելու, թե՛ ծավալի փոփոխություններ ենք անելու: Այսինքն, հատվածական շատ ավելի մոտեցած ենք լինելու այն իրավիճակին, որ կարող ենք ասել առաջին փուլի մեկնարկը տրված է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.