Մատչելիության հղումներ

Ալիևը մի քանի փաստ է ներկայացրել. Գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռը վնասվել է


Ադրբեջանական քաղաքացիական կործանված ինքնաթիռը վնասվել է դրսից՝ Ռուսաստանում գետնից բացված կրակի հետևանքով և գործնականում կորցրել է կառավարումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռն «անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցներով»:

«Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է»,- նշել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նաև պնդել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչային հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։ Միաժամանակ ասել է, որ միջադեպի պատճառը վերջնական հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։

Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։

Ռուսաստանի նախագահի հետ երեկվա զրույցում Իլհամ Ալիևը նշել էր, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության, ուղարկվել է Ակտաու քաղաք։

Ռուսաստանի նախագահը ներողություն էր խնդրել Ադրբեջանի առաջնորդից ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։

Մեկնաբանելով աղետը՝ Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարվածի հնարավորության մասին։ Օդանավը շահագործող «Ադրբեջանական ավիաուղիներն» էլ պնդել էր, թե ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության» պատճառով: Մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ադրբեջանական ավիաուղները» հայտարարել են, թե ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները ռուսաստանյան քաղաքներ։

XS
SM
MD
LG