Մատչելիության հղումներ

Բաքուն ու Վաշինգտոնը մեղադրանքներ են փոխանակում


ԱՄՆ-ի և Ադրբեջանի դրոշները
ԱՄՆ-ի և Ադրբեջանի դրոշները

Վերջին շրջանում Բաքվում դպրոցական մակարդակի սարսափներ են հյուսվում ԱՄՆ-ի շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ վկայակոչելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։

Դեսպանությունը միևնույն ժամանակ շեշտել է, որ այդ հրապարակումները չեն շեղի ուշադրությունը փաստից, որ 300-ից ավելի քաղբանտարկյալներ գտնվում են Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով և տոներն անցկացնում են ընտանիքից հեռու:

Բաքուն դեսպանության հայտարարությունը սադրիչ է որակել, այն համարելով անհանդուրժողականություն ԶԼՄ-ների ազատության նկատմամբ։

«Հաշվի առնելով դեսպանության այս և նախկին սադրիչ մեկնաբանությունները, որոնք անհանդուրժողականություն են ԶԼՄ-ների ազատության նկատմամբ, ապշեցուցիչ են խոսքի ազատության ջատագով ներկայացող ԱՄՆ-ի պարագայում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն «ամեն կերպ փորձում է վնասել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ շինծու և առասպելական հայտարարություններով»։

ԱՄՆ պետդեպարտամենտը պարբերաբար խիստը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։

Պետդեպն Ադրբեջանի իշխանություններին նաև հորդորել է հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել ԵԱՀԿ -ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները։ Բաքուն, իր հեթրին, «կողմնակալ» է որակում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները։

2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում 303 քաղբանտարկյալ կա: Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 300-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG