Հայաստանում լրատվամիջոցների դեմ իրավական վեճերում առաջատար են իշխանության ներկայացուցիչները՝ պատգամավորներից մինչև վարչապետ: Լրատվամիջոցի կամ լրագրողի դեմ 26 դատական հայցով առաջամարտիկն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է: Այս տարի դիմումների քանակով նրան հաջորդում է Երևանի քաղաքապետը. 9 դատական գործ կա Տիգրան Ավինյանից:
«Անցած տարվա համեմատ այս տարի դատական հայցերի քանակը՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, ավելացել է: Մենք դեռ անցած տարի էինք ասում, որ այդ արձանագրված 36 գործերը ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դա ահռելի թիվ է, բայց այս տարի արդեն 40-ից անցնում են այդ դատական հայցերը, ընդ որում խոսքը նոր դատական հայցերի մասին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Բարձրաստիճան պաշտոնյաների բողոքների հիմքում հիմնականում վիրավորանքի և զրպարտության հերքումն է: Մեդիան «աղբանոց» անվանած քաղաքապետ Ավինյանը ներողություն և հերքում խնդրելուց բացի ամենամեծ դրամական փոխհատուցում վճարելու պահանջ ներկայացնողներից է՝ մինչև 9 մլն դրամի պահանջ ունի:
Միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցները, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, նույնպես ընդգծում են, որ իշխանությունները դեռևս ոչինչ չեն արել լրատվական դաշտում բևեռացվածությունը վերացնելու ուղղությամբ, իսկ իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների հայտարարությունները միայն ավելի վատթարացնում են արդեն իսկ մտահոգիչ պատկերը:
«Այս արտահայտությունները ևս մի օրինակ են նրա, թե առհասարակ հետհեղափոխական վեց տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, նրա կարկառուն դեմքերն այդպես էլ չսովորեցին լրատվամիջոցների հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել և աշխատել լրատվամիջոցների հետ», - ընդգծեց Մելիքյանը:
Քաղաքապետին դուր չի եկել նաև «Սիվիլնեթ»-ի և հետաքննող լրագրողների միջազգային հեղինակավոր ցանցի՝ OCCRP-ի համատեղ հետաքննությունն իր ընտանիքի հետ կապված բիզնեսների մասով։ Դատական հայցն ընդդեմ լրատվամիջոցի արդեն պատրաստ է, բայց դեռևս չի հրապարակվում, թե որքան գումար է պահանջում քաղաքապետը:
«Միայն ավելի են ուժեղացնում լրատվամիջոցներին և լրագրողներին»
Լրատվամիջոցներին հետապնդելով միայն ավելի են ուժեղացնում լրատվամիջոցներին և լրագրողներին, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն է ասում:
«Հետաքննությունը հրապարակման պահին այնքան դիտում չուներ, քան պարոն Ավինյանի հայտարարությունից հետո, այսինքն՝ հենց դրա համար մենք իրեն շնորհակալ ենք, մի քանի անգամ ավելի դիտում ունեցավ: Մեր վիճակագրությունը ցույց է տալիս՝ ե՛ կայքի, թե՛ Ֆեյսբուքի, որ հինգ ամենաընթերցված, ամենադիտված նյութերից երեքը հենց այդ թեմաներով են», - «Ազատությանը» ասաց Հարությունյանը:
Իշխանական Հակոբ Արշակյանը, Հայկ Սարգսյանը, Խաչատուր Սուքիասյանը նույնպես դատարանով ներողություն պահանջողներից են: Վերջին երկուսի դատական գործերը տասնյակից ավելի են: Բարձրաստիճան պաշտոնյաների հայցերի մի մասը դատական վարույթ չեն ընդունվում, մի մասը բավարարվում են մասնակի, փաստում են Դատալեքսի տվյալները:
«Լրատվամիջոցի առաքելությունը այն չէ, որ դատարանում այն կամ այն պաշտոնյայի հետ դատվի, լրատավամիջոցի առաքելությունը լրատվություն մատուցելն է: Եվ ի վերջո երկրում կան որոշակի արտադատական մեխանիզմներ, օրինակ՝ լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, տեղեկատվական վեճերի մարմինը և այլն, որ շատ ավելի հեշտությամբ կարող են այդ վեճերն այնտեղ լուծել», - նշեց Կարեն Հարությունյանը:
Պաշտոնյաները հաճախ դժգոհում են գնահատողական դատողություններից, իսկ դատարանը որոշում է՝ լրատվամիջոցն իրացրել է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, հատկապես երբ տեղեկություն հավաքելու, ճշտելու հնարավոր մեխանիզմներն իրացրել է: Երբեմն դատարանները պահանջում են հերքում տպագրել, սակայն չեն բավարարում պաշտոնյաների կամ գործարարների՝ միլիոնների փոխհատուցման պահանջը:
«Շատ ակտիվ է Պղնձամոլիբդենային կոմբինատը, որը որ մենք գիտենք, որ ցանկացած քննադատական գրեթե հոդվածի դեպքում ինքը դատական հայց է ներկայացնում: Եվ միջազգային մոտեցումներով սա «սլափ» կոչեցյալն է, որ փաստորեն այդպիսի դատական մեխանիզմներով և հայցերով փորձ է կատարվում ճնշում գործադրել լրատավամիջոցի վրա՝ լռեցնել կամ նվազեցնել քննադատությունը», - ասաց Աշոտ Մելիքյանը:
Իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայց է ունեցել ընդդեմ ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի: Դատարանը պահանջել է հերքում տպագրել, ֆինսական փոխհատուցումը բավարարել մասնակի՝ 2 մլնի փոխարեն 500 հազար դրամի փոխհատուցման վճիռ կայացրել:
Մասնագետներն ընդգծում են՝ ընդհանրապես քաղաքացիաիրավական հարաբերություններում խրախուսվում է, որ դատարանը թողնեն որպես վերջին միջոց, Եվրոպական դատարանի նախադեպային որոշման համաձայն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյանի նկատամբ քննադատության շրջանակն ավելի լայն է, և նրանք պարտավոր են առավել հանդուրժող լինել։