Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրության նախագիծ մշակելու «գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ կանգ է առել»


Վարչապետի հանձնարարությունից, որ նոր Սահմանադրության նախագիծը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ավարտը, մոտ յոթ ամիս անցել է, բայց առաջընթաց չկա։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ է խոստովանում՝ գործընթացը դանդաղել է։

«Գործընթացն ինչ-ինչ պատճառներով դանդաղել է և ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին», - ասաց Գալյանը:

Թե ինչն է խանգարում արագ առաջ գնալ, նախարարը չասաց։ Չնայած որևէ ժամկետ չնշեց, բայց վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի ասած ժամկետում կհասցնեն նոր նախագիծ ներկայացնել. - «Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է, ու դա մենք կանենք»։

Գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ կանգ է առել, ասում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Վերջին նիստը մի քանի ամիս առաջ է եղել։ Հանձնարարականից հետո ընդամենը երկու անգամ են հավաքվել։ Համոզված է՝ նախագիծը Փաշինյանի ասած ժամկետում հնարավոր չէ հասցնել։

«Ինձ համար բավականին անհասկանալի է, թե ում հետ ես պետք է աշխատեմ սահմանադրական բարեփոխման վրա, եթե այդ Սահմանադրությունը պետք է հաջորդ խորհրդարանն օրհնության արժանացնի, հետո նոր հանրաքվեն: Սահմանադրական փոփոխությունները և նոր Սահմանադրությունը պետք է նախ խորհրդարանում 2/3-րդի օրհնությանն արժանանա, այնուհետև գնան հանրաքվեի: Սա նշանակում է, որ խորհրդարանի 2/3-րդի հետ միասին դու պետք է աշխատես», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Խորհրդի անդամ Իոաննիսյանը արդարադատության նախկին նախարարներ Կարեն Անդրեասյանին ու Գրիգոր Մինասյանին է մեղադրում այս գործի տապալման համար։ Կարծում է՝ առաջընթաց էլ չի էլ լինի, ժամանակը կարճ է։ Մինչև բովանդակային քննարկումները սկսեն, խորհրդարանական ընտրություններին կմոտենան, և հայտնի չէ, որ ուժերն են մեծամասնություն դառնալու։ Քաղաքական ուժերը, որի հետ քննարկում ու համաձայնեցնում են փոփոխությունները, հաջորդ խորհրդարանում չլինեն ու կիսատ մնա նախագիծը։

Խորհրդի անդամը ճիշտ է համարում, որ Նոր Սահմանադրության նախագծի քննարկումները հետաձգվեն ու վերսկսվեն 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

Նոր Սահմանադրության հարցը օրակարգ եկավ Բաքվի պահանջից հետո, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Երևանը սա իր ներքին գործերին միջամտություն համարեց, ապա Սահմանադրական դատարանի վերլուծությունից հետո հայտարարեց, թե Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։

Սահմանադրության նախաբանն անփոփոխելի դրույթ է համարվում, եթե նոր տեքստ, նոր Սահմանադրություն են գրում, նախաբանը հնարավո՞ր է փոփոխել, հարցրինք նախարարին։

«Անփոփոխելի հոդվածների փոփոխությունն իմ կարծիքով որոշ դեպքերում նույնիսկ տրամաբանական էլ չէ, բայց եթե հանրաքվեի է ներկայացվելու նոր Սահմանադրություն, ապա պետք է քննարկենք Սահմանադրության նոր տեքստ», - պատասխանեց Գալյանը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG