Մատչելիության հղումներ

Ախտորոշիչ ցնցումներ. Երևանում 100 դրամանոցների որոնումները շարունակվում են


«Երևանի ավտոբուս» ընկերությունը երեկ մոտ 1 միլիոն դրամով ավելի գումար է հավաքել քաղաքացիներից։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն է այս մասին գրառում արել, նաև շեշտել` QR թղթային ու բջջային հավելվածով վճարումների թիվը մեկ օրում ավելացել է մի քանի անգամ։ Սա լավ լուր է քաղաքային իշխանության համար, մի լավ բան էլ ուղևորներին են խոստանում. - «Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»։

Երեկվանից սկսած MAN, Zhongtong ու GAZelle City մակնիշի ավտոբուսներում ուղևորները պիտի վճարեն կա՛մ 100 դրամանոց մետաղադրամով, կա՛մ QR կոդով: Քաղաքապետարանից բացատրել էին՝ ստվերն են կրճատում: Առավոտից երևանցիները բողոքում էին՝ 100 դրամանոց չի ճարվում, QR կոդ հատկապես տարեցները չունեն:

«Չի կարելի ստվերի դեմ պայքարում անհանգստացնել բոլոր քաղաքացիներին, ստեղծել խուճապ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը:

Իսկ հնարավոր չէ՞ր հենց երեկվանից ուղետոմսի համար վճարումը հնարավոր դարձնել նաև բանկային քարտով, հարցնում է Աբգարյանը՝ ընդգծելով. - «Եթե դու ուզում ես իսկապես անցնել էլեկտրոնայինի, բանկային քարտով վճարման հնարավորությունը պարտադիր պետք է լիներ: Եկեք հասկանանք, որ քաղաքում բոլորը ունեն բանկային քարտ, թոշակառուներն էլ ունեն, և այդ հարցը չէր առաջանա հենց այդ խմբի համար, որը ամենաշատն է բարդություններ զգում»:

Առայժմ պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի երթևեկել նաև բանկային քարտերով: Այսօր էլ Երևանում 100-անոցի որոնումները շարունակվում էին:

«Բոլոր էս ծրագրերը, մասնավորապես՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, իրականացվում է, որպեսզի Երևան քաղաքում մենք ունենաք որակյալ հանրային տրանսպորտ. սա է միակ նպատակը», - հայտարարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Եվ այդ որակը խոստանում են հունվարի 1-ից։ երևանի քաղաքապետը ճիշտ է համարում, որ միասնական տոմսային համակարգին անցնելուց երկու ամիս առաջ արվեին այս փոփոխությունները` այսպիսով բացահայտում են խնդիրները. - «Արձանագրված խնդիրները, որոնք որ վստահաբար արձանագրվել են, մեզ համար ուղղակի ուղղություններ են աշխատանքի՝ շտկումներ իրականացնելու»:

Մարդկանց ցնցումների մեջ են գցում ախտորոշիչ նպատակով, տարակուսում է Իզաբելլա Աբգարյանը:

«Եթե այս անհարմարությունները քաղաքացիներին ստեղծել էին որպես դիագնոստիկ մեթոդ՝ խնդիրները բացահայտելու, ապա իրենք սխալ են անում, որովհետև անհնար է այդ ձևով պարզել, թե հունվարից հետո ինչ խնդիրներ կունենանք, որովհետև հունվարից հետո լինելու են քարտեր, մենք տեղյակ ենք, ոչ միայն բանկային քարտեր, այլ նաև ուղևորային քարտեր, որոնք մարդիկ կարող են գնել և փաթեթները ներբեռնել: Այսինքն՝ այլ համակարգ է լինելու հունվարից հետո», - ընդգծեց մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր անդամը:

Ի դեպ, եթե ավտոբուսի վճարման համակարգը սարքին է, երիտասարդները խնդիր չունեն՝ հավելվածով վճարում են:

Քաղաքացիների մի մասն այս ամենը համարում է բարեփոխում, ուրախ է, որ ուղևորության համար վճարելու քաղաքակիրթ տարբերակ է ներդրվու, մի մասն էլ համարում է՝ բարեփոխումը լավ նախապատրաստված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG