«Cop-29-ը խաղաղության պատմական հնարավորություն է։ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյաների հակամարտության հաղթահարմանը», Եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդն այս հայտարարությունն արեց այսօր, երբ Եվրախորհրդարանում քննարկվում էին Ադրբեջանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։
Հիմնական զեկուցողի պնդմամբ՝ կոնֆերանսը պատմական հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի համար աշխարհին ցույց տալ իրենց հավատարմությունը խաղաղությանը և քաղաքական կամք դրսևորել խաղաղության պայմանագիրը կնքելու համար։
«Այսօրվա բանավեճը սկսվում է Բաքվում մեկնարկելիք COP 29-ից երեք շաբաթ առաջ։ Կոնգրեսին մասնակցելու են աշխարհի առաջնորդները և միջազգային կլիմայական հանրությունը՝ առաջ բերելու կլիմայական գլոբալ օրակարգը։ Բայց, այն նաև աշխարհի ուշադրությունը կհրավիրի հյուրընկալող երկրի վրա։ Մեր քննարկումը շատ ժամանակին է։ COP 29-ը Ադրբեջանի իշխանությունների համար հնարավորություն է ցույց տալ իրենց հավատարմությունը մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սա հնարավորություն է հակադարձել անցած տարվանից առկա մտահոգիչ միտմանը՝ քաղաքացիական հասարակության համար հնարավորությունները գնալով նվազում են, ուժգնանում է ճնշումը անկախ լրատվամիջոցների, այլախոհների վրա, աճում է կամայական ձերբակալությունների թիվը»,- հայտարարեց Շմիդը։
Հիմնական զեկուցողն ընդգծեց նաև, որ այս ամառվանից Ադրբեջանում ձերբակալությունների թիվն աճել է, ընթերցեց բանտարկվածների անունները ու հորդորեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց։ Խոսեց բանտերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի մասին, կարևորելով, որ չարաշահումների մասին յուրաքանչյուր հաղորդում պատշաճ և անաչառ քննության առնվի։
Կրկնելով, որ որ այս կլիմայական թեմայով միջոցառումը լավ առիթ է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու, սեփական երկրում մարդու իրավունքների ոտնահարումը բացառելու համար՝ հիմնական զեկող Շմիդը հիշեցրեց, որ ԵՄ-ն շարունակում է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել կայուն և հարատև խաղաղությանը։
Ավելի քան 3 տասնյակ ելույթներից հետո հոկտեմբերի 24-ին այս հարցով քվեարկություն տեղի կունենա։
Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ այդ երկրում չեն ազատի քաղբանտարկյալներին և չեն բարելավի իրավիճակը մարդու իրավունքների խնդրում:
Ավելի վաղ էլ Եվրամիության օրենսդիր մարմինը բանաձև էր ընդունել, որում դատապարտել և կոշտ քննադատություն էր հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։
Խորհրդարանի բանաձևերը պարտադիր կատարման ուժ չունեն և միայն խորհրդատվական բնույթի են։