Մատչելիության հղումներ

Արհեստական բանականությունն օգտագործվել է Ադրբեջանի վարկանիշը սոցցանցերում բարձրացնելու համար


Արհեստական բանականությունն օգտագործվել է Ադրբեջանի վարկանիշը սոցցանցերում բարձրացնելու համար: Այդ մասին հայտի է դառնում ChatGPT -ն ստեղծող OpenAI ընկերության հրապարակած զեկույցից: Ընկերությունն առաջին անգամ ուսումնասիրել է, թե իր գործիքները որքանով են օգտագործվում ապատեղեկատվության համար և դրանում կա նաև անդրադարձ հօգուտ Ադրբեջանի աշխատած խմբի մասին:

Նշվում է, որ Միացյալ Նահանգներում աշխատող մի խումբ արհեստական բանականությունն օգտագործել է սոցցանցերի կեղծ օգտահաշիվներ ստեղծելու, բովանդակություն գեներացնելու, մեկնաբանություններ անելու և իրական օգտատերերի հետ բանավեճի համար: Ընդ որում՝ քաղաքական մեկնաբանություններ են արել տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և եվրոպական այլ լեզուներով:

Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն ասում է. - «OpenAI-ը մատնանշում է, որ իր տեխնոլոգիան կիրառվել է որպես միջանկյալ օղակ, այսինքն, գոյություն է ունեցել ինչ-որ խմբավորում, որը ծառայություն է մատուցել և OpenAI-ի տեխնոլոգիան կիրառել է, օրինակ, ֆեյք պրոֆիլների յուզերպիկեր գեներացնելու, դրանց կենսագրական պատմություններ ստեղծելու, քոմենթներ ու տեքստեր գեներացնելու համար: Այսինքն՝ վերջնական արդյունքը երևացել է, օրինակ, Facebook, Tweeter և այլ սոցցանցային հարթակներում»:

Թեմաները շատ տարբեր են եղել՝ սկսած թուրքալեզու երկրների միջև միասնականության քարոզչությունից մինչև COP 29 գագաթնաժողով և Ադրբեջանի կառավարության փառաբանում՝ իր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար: Զեկույցը նշում է, որ անգլերենով ու իտալերենով օգտահաշիվները շեշտադրել են Ադրբեջանի դերը որպես Եվրամիության էներգետիկ մատակարարի, և դա երբեմն արել են որպես պատասխան՝ մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի կառավարության հասցեին հնչող քննադատության:

«Նպատակը եղել է գովերգել Ադրբեջանը»

«Նպատակն է եղել գովերգել Ադրբեջանը, Ադրբեջանին լավ ներկայացնել հատկապես մարդու իրավունքների հետ կապված հարցերում, առաջ մղել ադրբեջանական պանթուրքիստական ինչ-որ գաղափարներ, և դա անել՝ գեներացնելով OpenAI-ի տեխնոլոգիաների միջոցով կեղծ պրոֆիլներ սոցցանցերում, տեքստեր, մեկնաբանություններ», - ասաց Արթուր Պապյանը:

Ըստ զեկույցի՝ OpenAI - ի տեխնոլոգիաների կիրառությամբ թե՛ Facebook-ում, թե՛ X-ում հարյուրավոր հաշիվներ են ստեղծվել, իսկ X-ում մոտ 150 օգտահաշիվներ ունեցել են նաև հաստատման՝ վճարովի կապույտ նշաններից: Սակայն ընկերությունը նշում է, որ այդ օգտահաշիվները շատ հետևորդներ չեն ունեցել՝ առավելագույնը երկու հարյուր հոգի, նրանց գրառումների լսարանը ևս մեծ չի եղել, միայն մի քանի հավանումներով:

«Արձանագրում են, որ ընդամենը 4-5 մեկնաբանություն է միջինը ստացել այս արշավի ամեն մի գրառում, ինչը շատ ցածր ցուցանիշ է, որովհետև սոցցանցերում եթե հազարավոր լայքեր չկան, պայմանական ասած, դու չես երևում: Այնպես որ արդյունավետությունը հավանաբար ցածր է եղել, բայց նաև արձանագրում են, որ սա ակնհայտ կոնտենտի PR-ի ինչ-որ մակարդակ գեներացնելու նպատակ է ունեցել: Օրինակ՝ կիրառվել են 1930-ականների ոճի պոստեռներ ու թեև ցածր ազդեցություն են ունեցել, բայց դա որոշակի ազդեցություն ու տեսանելիություն ապահովել է», - ընդգծեց թվային անվտանգության մասնագետը:

OpenAI -ը նշում է, որ հայտնաբերելուց հետո իրենք արգելափակել են կեղծ բովանդակություն գեներացնելու համար օգտագործված հաշիվները։ Ինչքա՞ն կարող է արժենալ այսպիսի արշավը: Թեև չկա հաշվարկ, սակայն թվային անվտանգության մասնագետն ասում է՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները զգալի էժանացնում են թե՛ կեղծ հաշիվներ ունենալը, թե՛ վարելը:

«Եթե նախկինում ֆեյքաբուծությամբ էին զբաղվում, մի մարդը մի 10 ֆեյք էր աշխատեցնում, այս դեպքում կարելի է AI-ի միջոցով հազարավոր ֆեյքեր գեներացնել շատ ավելի մեծ արդյունավետությամբ ու արագությամբ: Այնպես որ մենք այսպիսի արշավներ դեռ շատ ենք տեսնելու», - ասաց Պապյանը:

Ինչպե՞ս է հնարավոր դիմակայել նման արշավներին

Իսկ ինչպե՞ս է հնարավոր դիմակայել նման արշավներին: Արթուր Պապյանի խոսքով՝ Meta-ն փորձեց կարճ ժամանակով տարբերակիչ նշան դնել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության վրա, սակայն հանեց, քանի որ նույնիսկ իրական բովանդակության ստեղծման որոշ փուլերում արհեստական բանականություն կարող է կիրառվել:

«Այսօր նույնիսկ սովորական լուսանկարը, որ հեռախոսով ես անում, իր մեջ արդեն AI-ի ներգրավվածություն կա և անհնար կլինի դա ամբողջությամբ բացառել: Այնպես որ երևում է, որ այդ հարթակները մտահոգ են, բայց շատ բան չեն կարողանալու անել ու այստեղ լուծումներն ավելի շատ մարդկանց կրթության տիրույթում են, այսինքն, մեդիագրագիտության բարձրացում», - նշեց նա:

Դիմակայելու հիմնական միջոցը մեդիագրագիտությունն է, իսկ իշխանությունները պետք է ակտիվ աշխատեն տարբեր հարթակների հետ հակազդելու ապատեղեկատվությանը:

XS
SM
MD
LG