Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոնը հաղորդում է զորակոչի ընթացքում կաշառքի հերթական դեպքեր բացահայտելու, ԿԲՀ անդամի կալանքի մասին


100 դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100 դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ բացահայտել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն:

Հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6 հազարից 6,5 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:

2023-ի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6 հազար դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4 հազար դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ, ասված է հաղորդագրությունում:

Արդյունքում՝ Հ. Շ.-ն նոյեմբերի 15-ին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023-ի հոկտեմբերից 2024-ի հունվար ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4 հազար դոլար և 1,1 մլն դրամ։

Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023-ի ձմեռային զորակոչից:

Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «խոշոր չափերով կաշառք ստանալը», Մ. Մ.-ին՝ ՔՕ 437-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդությունը», և 440-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը» (3 դրվագ), իսկ Գ. Մ.-ին՝ ՔՕ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` « մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք տալը»:

Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Շաբաթներ առաջ Հակակոռուպցիոնը հաղորդել էր զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու և գործով 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննության ավարտի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG