Մատչելիության հղումներ

«Եթե ես իմ ստեղծածը չվայելեցի, դուք կվայելե՞ք». Գալյա տատիկը, Արցախում թողած տունն ու խաղաղության պայմանագիրը


Գալյա տատիկին ադրբեջանցիների տարածած տեսանյութը հարսն է ցույց տվել. «Ստեփանակերտի բնակիչը 36 տարի անց իր տուն վերադարձավ ու գտավ իր իրերը», տեսանյութն այսպես են վերնագրել, կադրում մի տարեց ադրբեջանուհի է հոգոցներով մոտենում պահարանին:

«Ազոխի մեր տունն ու մեր իրերն են կարծես», - հարսը՝ Լուսինե Ստեփանյանը կադրերը տեսել ու մտքերի մեջ է ընկել, պահարանն իր աղջիկների սենյակում էր, ամեն ինչ հենց այդպես էր շարել՝ ինչպես կադրում է։ Ձկան տեսքով սպասքն էլ նույն տեղում է, սա սկեսուրը Բաքվից Ազոխ եկած մի վաճառականից էր գնել:

Հադրութն ու Ազոխը ադրբեջանական դարձան 44-օրյա պատերազմից հետո: Գյուղից հեռանալիս ոչինչ չեն հասցրել վերցնել, ինչ մնաց մտածեին սպասքի մասին:

Հետո Ստեփանակերտում տուն ստեղծեցին, հաստատվեցին, երեք տարի անց էլ տեղահանվեցին այնտեղից։ Հիմա Գալյա Արզումանյանը 7 որդիներից մեկի ընտանիքի հետ Երևանի բազմաբնակարան մի շենքում է ապրում՝ Ազոխից Էրեբունի թաղամաս՝ ո՞վ կմտածեր:

«82 տարեկան եմ, էն գյուղում եմ ծնվել, մայրս-հայրս էնտեղեցի, նրանց հայրն ու մայրն էնտեղ, ո՞նց մտքովդ կանցնի, որ կարող ա քեզ էդտեղից դուրս հանեն», - ասաց Գալյա Արզումանյանը:

Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ Ազոխն էլ, Ստեփանակերտն էլ, ձեր սերվանտն էլ մերն է եղել. - «Դե ձերն ա ինձ էլ պահեք, ես էդտեղ եմ ծնվել»:

«Եթե ես իմ ստեղծածը չվայելեցի, դուք կվայելե՞ք», - Գալյա տատիկը կասկածում է։ Բայց նա ունեցվածք կորցնելու հետ հաշտ է: «Դրա ցավը չեմ քաշում», - ասում է, այլ այն հազարավոր երիտասարդների, որ էլ չկան։

Զարմանում է՝ ինչո՞ւ այսպես եղավ, Ազոխում ոչ մի ադրբեջանցի չի ապրել, բայց հարևանությամբ մի փոքրիկ գյուղ ադրբեջանաբնակ էր, չի մոռանում այդտեղ ապրող Շահբազ անունով ադրբեջանցուն: Ավելի երիտասարդները՝ հարսը, օրինակ, համերաշխության այդպիսի օրինակներ չունի: Ասում է՝ չի զարմանում, որ հիմա ադրբեջանցիներն իրենցն են համարում այն ամենն, ինչ Արցախում է՝ վանքերից մինչև ամանեղեն. - «Սեփական ոչինչ չունեն, ստիպված ուրիշինը պետք է վերցնենք յուրացնեն»:

«Ով ա ինձ խաբար ասում, հեռախոս էլ չունեմ, թե խաղամ», - Գալյա տատիկը հեռախոսի էկրանով մատը սահեցնելուն է խաղ ասում։ Այդ խաղը չի խաղում, բայց խաղաղության պայմանագրի մասին լսել է, կողմ է, եթե նույնիսկ այդ թուղթն իրեն Ազոխ չի վերադարձնի:

80-ն անց կինը միայն անցյալով ապրողներից չէ. տաք ծածկոցներ, գուլպաներ, անթև սվիտրեր է գործում արդեն ծնված թոռների, ծոռների ու նաև նրանց համար, որ հետո են ծնվելու։ «Մեռնեմ՝ կբաժանեք»,- կատակում է:

7-ամյա կրթությամբ, 16 տարեկանում ամուսնացած, 7 որդիներին մեծացրած ու ողջ կյանքը դաշտում ու անասնագոմում անցկացրած տատիկը հիմա անցել է հեքիաթներին: Այնպես չէ, որ հեքիաթներն են նրա նախընտրելի ժանրը, մի քանի վեպ էլ ունի, բայց տառերն այդ գրքերում փոքր են, իսկ տատիկի ակնոցը Ազոխի այն նույն պահարանում է մնացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG