Չնայած կառավարության անդամների պնդումներին, թե Տավուշում մարդիկ սեփականության վկայականներ են ստացել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա», և տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտան իրավապահները, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են՝ Կիրանցում իրավունքի պետական գրանցումների մասով այս պահին քրեական վարույթ նախաձեռնված չէ: Թե ինչո՞ւ, չեն պարզաբանել։
«Եթե Չեմ սխալվում համապատասխան գրությունով ուղարկվել է դատախազությանը, որպեսզի պարզեն եղելությունը այդ քարտեզների հետ կապված», - այս հայտարարությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարն արել էր ուղիղ մեկ ամիս առաջ։ Այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը վարչապետի աշխատակազմից այդպես էլ չհստակեցրին՝ ի վերջո դատախազություն գրություն ուղարկե՞լ են:
Հատվածական սահմանազատումից հետո Ադրբեջանին անցած տարածքներում մոտ 6 տասնյակ հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Կառավարությունը դրանք համարում է ադրբեջանական, բայց հիմնավոր բացատրություն, թե այդ դեպքում ինչպե՞ս են մարդիկ սեփականության վկայական ստացել, չունի: Այն, որ այս հարցի պատասխանը կտան իրավապահները, վստահեցնում էր Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ դարձյալ ուղիղ մեկ ամիս առաջ։
«Համապատասխան գործընթացների պարագայում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ, թե եղել են սխալներ ո՞ւմ մեղավորությամբ, ի՞նչ գործընթացների հետևանքով, ի՞նչ գործընթացների բացթողնման պատճառով և այլն: Դրա վերաբերյալ հետագայում արդեն կինֆորմացվեք», - ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Կասկածի տակ դնելով իր ղեկավարած կառույցի գործողությունների իրավաչափությունը՝ Սուրեն Թովմասյանը մինչև իրավապահների հնարավոր բացահայտումներն էլ պնդում էր, թե սեփական իրավունքի գրանցման գործընթացում սխալներ են եղել: Եթե քրեական վարույթ նախաձեռնված չէ, նշանակում է՝ որևէ ապօրինություն տեղի չի ունեցել, կարծում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը:
«Քրեական գործ կարող է հարուցվել մի դեպքում, երբ կա Քրեական օրենսգրքով արգելված արարք, այսինքն, կադաստրի վկայականը տրվել է, օրինակ, որևէ օրենքի խախտմամբ՝ կա դիտավորություն, անփութություն, ինչ-որ մի տարբերակ, որով Քրեական օրենսգրքով կլինի այդ հետապնդումը: Եթե չկա այդ հետապնդումը, նշանակում է, որ վկայականները, որոնք տրվել են քաղաքացիներին, օրինական են ու որևէ խնդիր չկա դրանց տրման հետ կապված», - ասաց Մարուքյանը:
Իսկ ուսումնասիրություն իրականացվել է, թե՝ ոչ, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից չեն մեկնաբանում: Եթե գործադիրի անդամները վկայականները տրամադրելու գործընթացը «ոչ ճշգրիտ են» գնահատում, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ ամիս առաջ առհասարակ դրանց բացակայության մասին էր փաստում:
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել է սեփականության վկայագիր, մենք գնացել ենք բարձրացնելու սեփականության վկայագրերի իրավական հիմքերը, որովհետև մեզ համար էլ հարց է եղել՝ ոնց կարող էր այդպես պատահել: Այս պահի դրությամբ դեռևս էդ իրավական հիմքերը մենք չենք գտնում», - ասել է Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց. - «Փորձել գնալով տեսնում ես հիմքը որն է և այդ հիմքը, հիմա կարող է չեն ուզում ասել, որ այդ հիմքում կա քարտեզ, որով համարվել է Հայաստան, հիմա մենք գնացել ենք, արել ենք մի քարտեզով, որով սարքել ենք Ադրբեջան»:
Կիրանցում գույքը կորցրած բնակիչների փոխհատուցումն այժմ իրականացվում է կառավարության գաղտնի որոշմամբ: Հայտնի չէ նաև, թե համայնքից քանի բնակիչ է ստացել փոխհատուցումը, քանիսը՝ հրաժարվել: Էդմոն Մարուքյանն առհասարակ այս գործընթացը չի համարում փոխհատուցում, ասում է՝ օրենքով սահմանված ընթացակարգերը չեն գործում։ Ուստի, կարծում է, առաջիկայում կառավարության առաջարկած գումարից հրաժարվածները կարող են ՄԻԵԴ հայցեր ներկայացնել:
«Ինչ-որ մարդիկ ասում են, որ մենք չենք ուզում այս գումարները և բողոքում ենք, այս մարդիկ կարող են շարունակել իրենց բողոքն ու Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական համակարգում վիճարկել: Այն սպառելուց հետո նրանք կարող են բողոքները հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասաց ԼՀԿ նախագահը:
Հայցերն, ըստ Մարուքյանի, կարող են ներկայացվել թե՛ ընդդեմ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի: Այս պահին Կիրանցի որևէ բնակիչ հրապարակավ չի հայտարարել իրավական ճանապարհով շարժվելու մասին: