Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ը մտահոգություն է հայտնել Չալաբյանի գործի վերաբերյալ


Ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանում, արխիվ
Ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանում, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) իր վերջին զեկույցում մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի քրեական գործի վերաբերյալ։ Եվրոպացի պատգամավորները հատուկ ընդգծել են Հայաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը, որով Չալաբյանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել։ Ըստ այդմ՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հանցագործություն է։

«Որը ավելի կարևոր է շատ, իմ տեսանկյունից, դա ԵԽԽՎ զեկույցի 104-րդ հոդվածն է, որով հատուկ նշվում է, որ ընդհանրապես ասած՝ էն հոդվածը, որով էդ ամբողջ քրեական հետապնդումն իրականացվել է, իրավաչափ չի՝ մեկ, և հակասում է Եվրոպայի խաղաղ հավաքների անցկացման ուղեցույցին», - ասաց Չալաբյանը:

Օրերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Դրանում նաև ընդգծվում է՝ հավաքներին մասնակցելը հարկադրելը կամ խոչընդոտելը կարող է պատժվել, սակայն հանրահավաքներին մասնակցելը խրախուսելը չպետք է դառնա իրավական կարգավորման առարկա, եթե այն չի հակասում քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ օրենքներին։

Չալաբյանը մեղադրվել ու առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոչ թե քարոզարշավին առնչվող հանրահավաքներին, այլ պարզապես հավաքներին ուսանողներին նյութապես շահագրգռելու համար։ «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը պնդեց՝ ԵԽԽՎ զեկույցից կարելի է եզրակացնել, որ եվրոպացիներն իր դեմ ներկայացված մեղադրանքը քաղաքական հետապնդում են համարում:

«Եվ նշել է, որ ամենայն հավանականությամբ՝ սա պարզապես քաղաքական հետապնդում է, անկախ թե ինչ հոդվածով է արվում, սա քաղաքական հետապնդում է՝ ոչ իրավաչափ ընթացքով դատական գործի և համապատասխանաբար ոչ իրավաչափ դատավճռով», - հայտարարեց Չալաբյանը:

Չնայած ընդդիմադիր գործչի պնդմանը՝ նման ձևակերպում զեկույցում չկա:

Եվրոպացի պատգամավորները եզրահանգել են՝ խաղաղ հավաքների ազատության ուղեցույցների համաձայն, հավաքներին քաղաքացիների մասնակցությունը խրախուսելը չպետք է քրեականացվի, և այս դեպքում քրեական հոդվածի կիրառումը մտահոգիչ է։ Ավելին, ընդգծել են՝ Չալաբյանի դատավճիռը, անտարակույս, կարող է զսպող ազդեցություն թողնել հավաքներ կազմակերպելու ցանկություն ունեցող մարդկանց վրա, և այս նախադեպը կրկնվելու ռիսկը մեծ է։

«Եթե հավաքը որպես այդպիսին չի կարող հանգեցնել ընտրական արդյունքի, այսինքն՝ մարդիկ են, հավաքվում են, հետո ցրվում են տուն, ապա հավաքի համար որևէ նյութական խրախուսում, օրինակ՝ տրանսպորտով մարդկանց բերել, կամ հավաքին մարդիկ մասնակցում են՝ բերել, իրենց ուտելիք բաժանել, և այլն, որը ևս կարող է համարվել ընտրական խրախուսում, որպես այդպիսին չի անդրադառնում ընտրական արդյունքի վրա, և քանի որ նա չի անդրադառնում ընտրական արդյունքի վրա, նա չպետք է լինի ապօրինի և քրեական հետապնդման չպետք է ենթարկվի ընդհանրապես», - ընդգծեց Ավետիք Չալաբյանը:

Չնայած մեղադրական դատավճռին՝ ընդդիմադիր գործիչը շարունակում է պնդել՝ որևէ գումար որևէ ուսանողի չի տվել։

Քննչականը գործը հարուցել էր երկու տարի առաջ՝ «Մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար» վերնագրով տարածված անհայտ ծագման ձայնագրության հիման վրա։ Արդեն դատարանում Չալաբյանն ու Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը մեղավոր էին ճանաչվել վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքին ուսանողներին նյութապես շահագրգռելու՝ 2 միլիոն դրամ առաջարկելու համար։ 5-րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում էր, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները, ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահն ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։

Դատարանը Չալաբյանին արգելել է երկու տարի հավաքներ կազմակերպել, ու քանի որ դատավճիռն ուժի մեջ չի մտել, արգելքը դեռևս չի գործում։ Ասաց՝ ԵԽԽՎ զեկույցի իրեն վերաբերող հատվածը կցելու են վերաքննիչ բողոքին։

Հավաքի մասնակցին նյութապես շահագրգռելու քրեական հոդվածը Սահմանադրական դատարանում պատրաստվում է վիճարկել ընդդիմադիր Դաշնակցությունը, որի 9 անդամ այժմ նույն այդ հոդվածով է մեղադրվում։ Ըստ Քննչականի՝ նրանք փողով մարդ են բերել վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին։

«Ակնկալիքները կարող է և շատ չեն, քանի որ մենք գիտենք՝ ինչ Սահմանադրական դատարան ունենք, և որը դարձել է էսօր ՔՊ-ական իշխանությունը պահելու՝ իրավապահ մարմինների կարևոր գործիքներից մեկը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավոր, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինչ իրավապահները պնդում են, թե ընդդիմադիրները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հավաքներին քաղաքացիներին բերում են կազմակերպված՝ տրանսպորտային միջոցներ տրամադրելով, օրինակ՝ Դաշնակցության ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնելու միջոցով, ընդդիմադիրները հակադարձում են՝ արդյո՞ք մեքենան վառելանյութով լիցքավորելը կամ առհասարակ հավաքները կազմակերպելու համար տարբեր պարագաներ գնելը նյութապես շահագրգռել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG