Մատչելիության հղումներ

Ավետիք Չալաբյանը երեք ամսով կալանավորվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշեց 3 ամսով կալանավորել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին։

Հուլիսի 26-ին մեկնարկած դատական նիստում հնարավոր չի եղել քննարկել ընդդիմադիր հասարակական գործչի կալանքը երկարացնելու հարցը և քանի որ հաջորդ օրը լրանում էր նրան անազատության մեջ պահելու ժամկետը, հենց հաջորդ օրն էլ նա ազատ էր արձակվել։

Չալաբյանը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են՝ ունեն մի շարք ապացույցներ, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Չալաբյանին ընդդիմության հավաքներն ակտիվ մասնակցին մեղադրանք էր առաջադրվել համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որը փաստաբանները անթույլատրելի ապացույց են համարում՝ նշելով, որ հայտնի չէ դրա աղբյուրը։

Ըստ այդ ձայնագրության՝ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել էր նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Չալաբյանի հետ։ Գործով մեղադրյալ է նաև ազատության մեջ գտնվող Էմմա Սարգսյանը։

5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցություն ունենալ ցույցերին։ Սրան հաջորդում է մեկ այլ ձայնագրությունից հատված, որտեղ Էմմա Սարգսյանը փոխանցում է ուսխորհրդի նախագահին՝ Չալաբյանի առաջարկը՝ մեկ ուսանողի դիմաց 1.000 դրամ տալու մասին։ Ըստ իրավապահների` ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։

Փաստաբանները, սակայն, պնդում են՝ որևէ ապացույց Չալաբյանի դեմ ձեռք չի բերվել։ Ավելին, ագրարայինի ուսխորհրդի նախագահը առերեսման ժամանակ հերքել է փող տալու խոսակցության հանգամանքը, մինչդեռ Թոռնիկ Ալիյանը մեզ հետ զրույցում հակադարձեց՝ նման առաջարկություն ինքը ստացել է։

XS
SM
MD
LG