Մատչելիության հղումներ

Թուրք փորձագետ. Թուրքիան կցանկանա ավելի խաղաղ հարաբերություններ Կովկասում, որտեղ իր ազդեցությունն ավելի շատ կլինի


«Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Մուստաֆա Այդըն, 28-ը հունիսի, 2024թ.
«Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Մուստաֆա Այդըն, 28-ը հունիսի, 2024թ.

Հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունը խոսում է արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք Թուրքիան հնարավորություն չի ստանում ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։

«Թուրքիան բավանականաչափ փորձ ունի Հարավային Կովկասում, որպեսզի գետնի վրա ծրագրեր իրականացնի։ Իսկ իրականությունը հետևյալն ՝ Թուրքիայում մտածում են, որ Ռուսաստանը դեռ այստեղ պետք է լինի 3-5 տարի, դեռ կունենա ազդեցություն, բայց թուլացած կլինի։ Եվ մենք սրանից, իհարկե, հետևություն անելու ենք», - ասաց «Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Մուստաֆա Այդընը:

Երևանում «Ապրի» ֆորումի շրջանակներում խոսելով Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին՝ Այդընը բաց տեքստով ասաց՝ սա խորդուբորդ ճանապարհ է։ Բազմաթիվ հանգամանքներ են այստեղ խաչվում, առաջիններից մեկն էլ այն է, թե ինչ ընթացք կունենա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ես, իհարկե, մի շարք հնարավորություններ են տեսնում։ Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվում են, այդուհանդերձ, հնարավոր բախումը չի բացառվում։ Եթե սա տեղի ունենա, ուղիղ կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների և, բնականաբար, Հարավային Կովկասում դիրքավորվելու վրա», - ընդգծեց թուրք փորձագետը:

Շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրները 44-օրյա պատերազմից հետո որոշեցին փնտրել կարգավորման ճանապարհներ, հատուկ բանագնացները չորս անգամ հանդիպեցին այս ընթացքում, սակայն երեք տարի առաջ մեկնարկած բանակցություններն առայժմ շոշափելի արդյունքներ չեն տվել: Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, իսկ նոր հանդիպման մասին կողմերը լռում են։ Երեկ, սակայն, Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր վերստին ընդգծել, որ Երևանը պատրաստ է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Անկարայից արձագանք դեռ չկա։

Թուրք փորձագետը տեղյակ չէր՝ որ փուլում է այս պահին բանակցային գործընթացը, սակայն ընդգծեց՝ այսօր Անկարան առհասարակ փորձում է Հարավային Կովկասի երեք պետությունների հետ տարբեր հարթությունների վրա համագործակցության նոր ուղիներ գտնել։

«Եվ այս երեքի հետ էլ այն նույն մակարդակի վրա չի լինելու։ Ադրբեջանի հետ հարաբերությունները լինելու են, իհարկե, առավել զարգացած։ Բայց ենթադրում եմ՝ եթե Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ընթանա այնպես, ինչպես ծրագրավորված է, ապա առաջիկա տարիներին մենք ոչ միայն բանակցություններ և զրույցներ կլսենք, այլ նաև կոնկրետ ծրագրեր՝ այս միջին ճանապարհը հիմնելու համար, որը ռազմավարական, քաղաքական, տնտեսական մեծ նշանակություն կունենա», - ասաց Այդընը:

«Կարծում եմ՝ դա կլինի Թուրքիայի տեսլականը՝ խաղաղ ճանապարհով տնտեսական ինտեգրում։ Կասեմ, որ Թուրքիան կցանկանա ավելի ինտեգրված, ավելի համագործակցված, ավելի խաղաղ հարաբերություններ Կովկասում, որտեղ թուրքական ազդեցությունն ավելի շատ կլինի, քան այսօր է», - նշեց թուրք փորձագետը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, Այդընի համոզմամբ, այսօր չունեն այնքան լծակ Թուրքիա վրա, որպեսզի կարողանան Ռուսաստանին տարածաշրջանից հանելու խոստումով Թուրքիային գլխավոր դերը խոստանալ։

«Բացարձակ անկախություն միայն հոգեբուժարանում է լինում, իրականում մի կախվածությունը մյուսով է փոխարինվում»

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ապրի» ֆորումի ժամանակ, Երևան, 28-ը հունիսի, 2024թ.
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ապրի» ֆորումի ժամանակ, Երևան, 28-ը հունիսի, 2024թ.

«Այսպիսի մի կատակ ունենք՝ բացարձակ անկախություն միայն հոգեբուժարանում է լինում, քանի որ այնտեղ բոլորը կարծում են, որ ոչ մեկից կախում չունեն։ Իրականում՝ մի կախվածությունը մյուսով է փոխարինվում». - ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի ելույթը բավական կոշտ էր։

Մակրեդոնովի խոսքով՝ ներկա իրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը տնտեսական և անվտանգային հարցերը տարբեր զամբյուղներում տեղավորելու։ Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի մասնակցությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրել է տևական դժգոհությունից հետո։

Մարկեդոնովը կարծում է, որ այս պայմաններում ավելի են բարդանում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ շոշափելի անվտագային երաշխիքներ Արևմուտքից չեն նկատվում։

«Ռուսաստանը գնա, Ֆրանսիան կգա կամ ԱՄՆ-ը։ Ո՞ր կախվածությունն է ավելի լավը։ Քննարկելի հարցեր են իրականում։ Այնպես որ, այստեղ կարելի է խոսել գործընկերության մասին։ 91-ին էլ մեր հարաբերությոնները Հայաստանի հետ զրոյական կետից չեն սկսվել, այլ՝ բացասական։ Բայց հայկական կողմից էր հարաբերությունները կարգավորելու ազդակը։ Համամիտ եմ՝ 2023-ը լրիվ ուրիշ պատմություն է, ամենևին էլ ամեն ինչ չէ, որ մենք արեցինք։ Բայցևայնպես ես կփորձեմ զգույշ արտահայվտել. պետք չէ ամեն ինչ նույն գույնով ներկել», - ասաց ռուսաստանցի քաղաքագետը:

Պատմական գիտությունների թեկնածու Մարկեդոնովը երկար պատմական էքսկուրս արեց, թե որտեղից և ինչպես է Ռուսատանը դուրս եկել և վերադարձել, շեշտելով՝ այդուհանդերձ, Ռուսաստանն ազդեցիկ դերակատարի իր դիրքերը չի զիջի։

Հայ-ռուսական արդեն լարված հարաբերությունները կրկին սրվեցին օրեր առաջ, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարեց, թե Ռուսաստանի թույլտվությամբ է պատերազմը տեղի ունեցել։ Չուշացավ Մոսկվայի կոշտ արձագանքը։

XS
SM
MD
LG