Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորին կարմիր բերետավորների կողմից բռնության ենթարկելու մասին հաղորդումը ՔԿ-ն այսօր է ստացել


Դաշնակցական պատգամավորին կարմիր բերետավորների կողմից բռնության ենթարկելու մասին հաղորդումը Քննչական կոմիտեն այսօր է ստացել։ Այժմ ստուգում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, եթե պարզեն, որ հանցագործության հատկանիշներ կան, ասացին՝ քրեական գործ կհարուցեն։

Երկու օր առաջ՝ միջադեպից անմիջապես հետո փաստաբան Արամ Վարդևանյանն էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազին, դատախազությունն էլ այն ուղարկել է քննչական։ Դատախազությունն ու քննչականը չպետք է սպասեին որևէ փաստաբանի դիմումի, դա բռնություն էր, արդեն պետք է քրեական գործ լիներ ու պատշաճ գնահատական տրվեր պատգամավորի վրա ձեռք բարձրացրած յուրաքանչյուր ոստիկանի արարքին, ընդգծում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանը։ Կան անհապաղ գործողություններ, հապաղելու դեպքում քննությունն արդյունավետ չի կարող համարվել։

«Սա էլ նոր բան են մոգոնել, այսպես ասած, հիմնավորում, թե ինչու են ուշացնում նաև այդ գործերի քննությունները և հնարավորություն տալիս այդ նույն ոստիկաններին պայմանավորվել իրենց ցուցմունքները, մինչև նշանակվի ժամկետ կարող է վնասվածքներն անցնեն, և արդեն քննությունն արդյունավետ շատ դեպքերում համարվել չի կարող, որովհետև անհապաղ գործողություններ կան իրականացնելու, որն ըստ էության չի իրականացվում, ուշացվում է», - ասաց Մելքոնյանը:

Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ կարմիր բերետավորներն այդ օրը ընդդիմության անհնազանդության ակցիաների շրջանակում հասարակական կարգն էին պահպանում, բայց թե ինչո՞ւ էին տասնյակ ոստիկաններ խմբվել Դաշնակցության գրասենյակի շենքի առջև ու բիրտ հարվածներով մի քանի հոգով ծեծում էին պատգամավորին, կպատասխանեն ծառայողական քննությունից հետո։

Այս դեպքից հետո հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպությունները պահանջեցին անհապաղ արդյունավետ քննություն անցկացնել ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր ոստիկաններին։

Հայտարարությանը միացած Արաքս Մելքոնյանը ոստիկանության ծառայողի՝ սթրեսակայունության, էմոցիաների կառավարման պատրաստության որևէ նշան չի տեսնում։ Պնդում է՝ ծառայողական քննություն նշանակելը շատ քիչ է։

«Դա նման հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու բավարար գործի չէ և բավարար միջոց չէ: Այդ ծառայողական քննությանն այդպես հապճեպ, դեռ հարց է՝ ոստիկանին լսելու իրավունքն ապահովվել է, թե՝ ոչ: Մի քանի ժամ հետո Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ լիազորությունները դադարեցված են, սա ինքնին խնդիր է նաև, թե այդքան հապճեպ ինչ որոշում կայացվեց ու այստեղ ուղղակի նպատակ է հետապնդվում նաև որոշակի աղմուկը մեղմելու, ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվեց, բայց նորից եմ կրկնում այդտեղ մեկ ոստիկանի հարց չէր, այդտեղ խմբակային ոհմակայնի իրավիճակ էր, ըստ էության», - ընդգծեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավարը:

Ոստիկանության ձեռագիրը նույնն է երկար տարիներ՝ ասում է իրավապաշտպանն ու պնդում՝ այս բիրտ մեթոդներն օգտագործում են մարդկանց վախեցնելու համար, որ հավաքների չգնան։

«Ոստիկանության զորքերը իշխանության ձեռքին քաղաքական գործիք են հենց քաղաքական օպոնենտներին զսպելու, հատկապես քաղաքական հավաքները կանխելու, մասնակցությունը կանխարգելելու, նաև մարդկանց պատժելու համատեքստում, էս գործողությունները կատարվում են հենց այդ նպատակով», - ասաց Մելքոնյանը:

Իրավապաշտպանների հայտարարությանը միացած «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Վարդուի Ավանեսյանն արձանագրել է՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցածից բացի, անցած մեկ ամսում անհամաչափ ուժ կիրառելու դեպքեր էլի են եղել։

«Միջոցների կիրառումը պետք է լինի համաչափ, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ 20 ոստիկանով անձի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում, ինչը մեր կազմակերպության դիտարկմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտում է», - նշեց Ավանեսյանը։

Ի դեպ, Եվրախորհրդարանի ութ պատգմավորներ կոչ են արել Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից ու ցանկացած այլ քայլից, որ կխոչընդոտի մարդկանց սահմանադրական իրավունքների իրացմանը։ Նրանք միացել են հայաստանցի ընդդիմադիր պատգամավորների կազմած հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG