Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ ունեցել ենք, ոչ մի բան չկարողացանք հանել». Աղստևը քշել-տարել է տունը


Հայաստան - Վարարած Աղստև գետը, 27-ը մայիսի, 2024թ.
Հայաստան - Վարարած Աղստև գետը, 27-ը մայիսի, 2024թ.

Հաղարծինում հեղեղից ոչնչացված տան բնակիչներին արդեն երկու օր է պատկան կառույցներից որևէ օգնություն չեն առաջարկել։ Նինա Մանուչարյանի՝ տասնամյակներով կառուցած տունը մի քանի ժամում ջրի տակ է անցել, կինը պնդում է՝ իրենց որպիսությամբ մինչև այս պահը միայն լրագրողներն են հետաքրքրվել։

«Լրագրող է եկել մի, մեր գյուղացի է եղել՝ էդ է եղել», - «Ազատությանն» ասաց տիկին Նինան:

Տան վեց անդամներին հաջողվել է մի կերպ փրկվել, բայց գույքն ամբողջությամբ ոչնչացված է:

«Գիշերը ժամը 2-ին, քնած էինք, ուժեղ թմփթմփոց եկավ, տանից դուրս եկանք տեսանք արդեն ջուրը լցվել է տակի հարկը: Մեքենաներ ունենք, մինչև տղաները էդ մեքենաները հանեցին, արդեն տակի սյուները գետը պոկել էր: Էլ չհասցրինք ոչինչ անենք, 85 տարեկան խուլ պապիկ ունենք, մինչև իրեն հասցրինք հանեցինք դուրս, արդեն տան էն մյուս կողմը փլվեց: Էլ ոչ մի բան, մենակ մենք մեզ փրկեցինք, էլ ոչ մի բան չկարողացանք անել», - «Ազատությանը» պատմեց տան բնակչուհին:

«Այսինքն, ամեն ինչ մնաց տանը՝ փաստաթղթերը... », այս դիտարկմանը նա արձագանքեց. - «Լրիվ, լրիվ, մի պայուսակ ունեմ ձեռքի, ամեն օրվա՝ պայուսակ Էդ պայուսակը վերցրել եմ, ինչ ունեցել ենք՝ ոչ մի բան չենք կարողացել վերցնել: Վեց հոգով ենք ապրում, վեց հոգով այստեղ պապիկի հետ ապրել ենք»:

Կինը դժվարացավ ասել, թե որքան է տևել այդ ամենը. - «Ես վատացա, ճիշտն ասած, հարազատներս եկան ինձ տարան, ամենքիս տարան իրենց տուն, հետո ժամը վեցն էր, քանիսը, եկան ասացին, որ տունը լրիվ փլվել է: Էլ մենք չենք տեսել, չգիտեմ ինչքան ժամանակ տևեց, որ տունը փլվել է, բայց մյուս կողմն արդեն փլվել էր՝ սյուները պոկվել էին, չկարողացանք ինչ-որ իր դուրս բերել»:

«Անասնագոմը փլել էր: 17 խոզ ենք ունեցել, շատ էլ հավ ենք ունեցել , շատ: Տանն էլ՝ երեսուն տարի է ապրում ենք այստեղ, ամեն ինչ էլ ունեցել ենք տանը, երկու հարկից տուն է եղել, ամեն ինչ եղել է, ոչ մի բան չենք կարողացել հանել», - ասաց ավերված տան բնակչուհին՝ շարունակելով. - «Բարեկամների տներն ենք՝ եկել են տարել են բարեկամները, ամենքս մի տեղ ենք ապրում: Դռներին ենք մնացել, էլի, ինչ ասեմ»:

Թե ինչ կանեն հետո, Նինա Մանուչարյանը գաղափար չունի. - «Չէ, այսօր չեն եկել, երեխեքը եկել են ինձ մոտ, ասել, որ լրագրողներ են եկել, և մենք էլ ի վիճակի էլ չենք եղել, որ փողոց դուրս գանք, տեսնենք ինչ է»:

Երեկ հենց այս վայրում էր Տավուշի մարզպետը, ավելի ուշ Դիլիջան-Իջևան ճանապարհի վնասված հատվածներով վարչապետը շրջեց։

Կինն ասում է՝ իրենց ոչ ոք չի մոտեցել, պաշտոնյաների այցերի մասին ավելի ուշ են իմացել։

Թե որքան վնաս են կրել, տիկին Նինան այժմ հաշվել էլ չի կարող։

XS
SM
MD
LG