Ուղիղ 33 տարի առաջ` 1991 թվականի գարնանը Հյուսիսային Ղարաբաղում և Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին՝ Նոյեմբերյանի շրջանում մեկնարկեց «Կոլցո» օպերացիան։ Սա խորհրդային բանակի կողմից իր պատմության ընթացքում իրականացված վերջին ռազմական օպերացիան էր, որի ընթացքում թվաքանակով և սպառազինությամբ աշխարհի խոշորագույնը համարվող ուժի հակառակորդը բացառապես թեթև զինատեսակներով զինված հայ աշխարհազորայիններն ու միլիցիոներներն էին։
«Կոլցո» գործողության իրականացման պահին Խորհրդային Միությունն արդեն խոր ճգնաժամում էր։ Մերձբալթյան երեք հանրապետությունները դրանից դեռ մեկ տարի առաջ էին անկախություն հռչակել, 91-ի ապրիլին նրանց օրինակին էր հետևել նաև Վրաստանը: Մոսկվան, սակայն, նրանց այդ քայլը չէր ընդունում՝ պնդելով, որ այդ չորս հանրապետությունների Անկախության հռչակագրերը հակասում են «Միութենական հանրապետությունների՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին» 1990 թվականին ընդունված միութենական օրենքին ։Դրանում հստակ ասվում էր՝ միութենական հանրապետությունները ԽՍՀՄ-ից կարող են դուրս գալ բացառապես հանրաքվեի միջոցով, որը պետք է անցկացվի դրա մասին հայտարարելուց առնվազն վեց ամիս անց։
Մոտ մեկ շաբաթ տևած բուռն քննարկումներից հետո Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց հանրաքվեն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, սակայն չշեղվելով այն պահանջներից, որ ներկայացնում է միութենական օրենքը։
Այս որոշումը կայացվեց 1991-ի մարտի 1-ին։Մոսկվան ստիպված էր ընդունել՝ Հայաստանի Գերագույն խորհրդի՝ անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշումն օրինական է։ Դա փաստող պաշտոնական եզրակացությունը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Լուկյանովի սեղանին դրվեց Հայաստանում անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշման հրապարակումից մի քանի շաբաթ անց։ Մի կողմից՝ Մոսկվան Հայաստանի անկախացման գործընթացին հակադրվելու որևէ իրավական փաստարկ չուներ։ Մյուս կողմից, սակայն, հաշտվել իրադարձությունների նման զարգացման հետ կենտրոնական իշխանությունները չէին կարող, առավել ևս,որ Հայաստանի Գերագույն խորհրդի կայացրած որոշումից մոտ երկու շաբաթ անց՝ մարտի 17-ին պետք է կայանար ԽՍՀՄ պահպանման մասին համամիութենական հանրաքվեն։
Հայաստանը, սակայն, որն արդեն որոշել էր, որ այս հարցով իր առանձին հանրաքվեն պետք է անցկացնի, Բալթյան երեք հանրապետությունների, Վրաստանի և Մոլդովայի հետ միասին որոշեց չմասնակցել Մոսկվայի կազմակերպած քվեարկությանը։ Ադրբեջանը, որտեղ իշխանությունը շարունակում էր մնալ կոմունիստների ձեռքում, հակառակ մոտեցումը որդեգրեց՝ ոչ միայն որոշելով մասնակցել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կազմակերպած այս հանրաքվեին, այլև հետագայում այդ մասնակցությունն ու 93 տոկոսանոց «այո»-ն ամենաբարձր գնով վաճառել Մոսկվային։
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1991 թվականի մարտին տեղի ունեցած քաղաքական այս առևտրի մասին տարիներ անց կպատմի բրիտանացի լրագրողների հետ զրույցում. - «Գորբաչովն ինձ ասաց՝ «Շնորհակալություն, դուք աջակցեցիք մեզ, ես միշտ էլ հավատում էի ադրբեջանցի ժողովրդին։ Ես, սակայն, պատասխանեցի՝ «Գիտե՞ք, ադրբեջանցի ժողովուրդը ձեզանից դժգոհելու բոլոր պատճառներն ունի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բայցևայնպես, մեր ժողովուրդը, իմաստություն ցուցաբերելով, քվեարկեց հօգուտ միութենական պետության։ Բայց նման քայլը գին ունի։ «Ի՞նչ ես ուզում», - հարցրեց ինձ Գորբաչովը։ Ես պատասխանեցի. - «Իմ ուզածն այն է, որ Դուք հանձնարարական տաք և ի կատար ածեք «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման և անձնագրային ռեժիմի ստուգման» մասին Ձեր իսկ ստորագրած հրամանագիրը»։
Վերջնական որոշումը կայացվեց 1991-ի ապրիլի 16-ին
Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերում հատուկ գործողությունների շարք սկսելու մասին վերջնական որոշումը կայացվեց 1991-ի ապրիլի 16-ին, երբ Բաքվում խորհրդակցության ժամանակ դրան հավանություն տվեց ԽՍՀՄ ներքին գործերի առաջին փոխնախարար, Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի նախկին հրամանատար Բորիս Գրոմովը: Լայնածավալ գործողությունն անվանվել էր «Կոլցո»՝ ճիշտ այնպես, ինչպես 1943-ին խորհրդային բանակի կողմից Ստալինգրադում գերմանական զորքերի ջախջախման օպերացիան։ Հայկական բնակավայրերի բնակչության տեղահանման նպատակով իրականացվող այս գործողությանը մասնակցելու էին խորհրդային բանակի, ներքին զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաև Ադրբեջանի ոստիկանության հատուկ ջոկատը՝ ՕՄՕՆ-ը։ Որպես առաջին թիրախ ընտրվեցին Խանլարի շրջանի դեռևս չհայաթափված վերջին երկու գյուղերը՝ Գետաշենն ու Մարտունաշենը։
Ընտրությունն օրինաչափ էր՝ այս բնակավայրերն արդեն տևական ժամանակ գտնվում էին լիակատար շրջափակման մեջ, բացի այդ՝ աշխարհագրորեն ավելի մոտ էին Գյանջային՝ նախկին Կիրովաբադին, քան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին։ Նշենք, ի դեպ, որ ինչպես և այսօր՝ 30 տարի առաջ ևս ադրբեջանական կողմն իր գործողություններին փորձում էր նաև խորհրդանշական բնույթ հաղորդել՝ այնպես անելով, որ դրանց իրականացումը համընկներ հայերի համար նշանակալի ամսաթվերի հետ։ Դա էր պատճառը, որ ակտիվ խոսակցություններ սկսեցին ծավալվել, թե Գետաշենի ու Մարտունաշենի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը տեղի է ունենալու ապրիլի 24-ին։ Այս վարկածի օգտին էին խոսում նաև խորհրդային իշխանությունների գործողությունները։ Ապրիլի 19-ին Գետաշենից և Մարտունաշենից դուրս են բերվում ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումները, դրանց փոխարեն այստեղ տեղակայվում են նույն զորքերի Բաքվի գնդի ծառայողները։ Նույն օրը գյուղերի մերձակայքում դիրքավորվում է ադրբեջանական ՕՄՕՆ-ը՝ սկսելով գնդակոծել դրանք։ Սրան զուգահեռ դադարեցվում է գյուղերի էլեկտրամատակարումը,անջատվում է հեռախոսային կապը։ Ապրիլի 21-ին դադարեցվեց ուղիղ ուղղաթիռային հաղորդակցությունը Երևանի և Շահումյանի շրջանի միջև։ Հայաստանի և Գետաշենի միջև օդային կապն ավելի վաղ էր ընդհատվել։ Ապրիլի 22-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմեց ԽՍՀՄ ղեկավարությանը՝ պահանջելով կանխել Գետաշենի բնակչության դեմ գործողությունները։ Գետաշենի և Մարտունաշենի հայաթափմանն ուղղված գործողությունը, ինչպես և ակնկալվում էր, մեկնարկեց ապրիլի 23-ին, սակայն մի քանի ժամ անց դադարեցվեց, խորհրդային բանակի զրահամեքենաներից մեկը վթարվել և հայտնվել էր այստեղով անցնող գետում։ Մոսկվան և Բաքուն ստիպված էին մեկ շաբաթով դադարեցնել գործողությունը։Գետաշենի գրավմանն ուղղված վերջնական գործողությունը մեկնարկեց ապրիլի լույս 30-ի գիշերը։ Դրա անմիջական կառավարումն իրականացնում էին Անդրկովկասյան ռազմական օկրուգի կազմում գործող 4-րդ բանակի հրամանատար գեներալ Սոկոլովը և Ադրբեջանի ներքին գործերի առաջին փոխնախարար Մամեդովը։
Հետագայում ռազմական փորձագետները կնկատեն՝ «Կոլցո» օպերացիայի ընթացքում Խորհրդային Միության զինված ուժերը կիրառում էին նույն մարտավարությունը, ինչ Աֆղանստանում։ Բանակային ստորաբաժանումները նախ տանկերով արգելափակում էին բնակավայրերի մատույցները, հսկողություն սահմանում բոլոր գերիշխող բարձունքների նկատմամբ, ինչից հետո միայն հետևակային ստորաբաժանումները՝ «Կոլցո» գործողության դեպքում այդ դերը վերապահված էր Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցներին, մուտք էին գործում գյուղեր՝ իբր զենք հայտնաբերելու և անձնագրային ռեժիմը ստուգելու, իրականում՝ խաղաղ բնակչությանը տեղահանելու նպատակով։ Գետաշենում, այդուհանդերձ, այս սցենարն առաջին իսկ րոպեներից խափանվեց՝ նախևառաջ գետաշենցի աշխարհազորայինների և նրանց միացած հայաստանցի կամավորների դիմադրության շնորհիվ։
Մոսկվայում գործող «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը հետագայում մանրամասնորեն կհետաքննի Գետաշենի իրադարձությունները՝ պարզելով, որ 1991-ի ապրիլի 30-ի վաղ առավոտյան առաջինը գյուղ մուտք էին գործել խորհրդային բանակի զինծառայողները, որոնց այստեղ տեղակայված հայ աշխարհազորայինները սկզբում չէին դիմադրել։ Առավոտյան 9-ին, սակայն, խորհրդային զորքերի հետևից գյուղ են մուտք գործում ադրբեջանական ՕՄՕՆ-ի ծառայողները՝ աստիճանաբար ծայրամասերից շարժվելով դեպի Գետաշենի կենտրոն։ Խուճապահար բնակչությունը հավաքվում է կենտրոնում, և ՕՄՕՆ-ի՝ գյուղ մտնելուց մոտ մեկուկես ժամ անց հայկական ինքնապաշտպանության հրամանատար՝ թալինցի դաշնակցական Թաթուլ Կրպեյանն իր մարտիկների հետ գերեվարում է Գետաշեն մուտք գործած խորհրդային ստորաբաժանման հրամանատար փոխգնդապետ Մաշկովին և նրա ավելի քան մեկ տասնյալ ենթականերին։ Հայկական կողմը պահանջում է դադարեցնել գործողությունը, դուրս բերել ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները և ազատ արձակել առավոտյան ժամերին պատանդառված խաղաղ բնակիչներին, որոնց թիվը, ըստ «Մեմորիալ»-ի, այդ պահին հասնում էր մոտ հինգ տասնյակի։ Օրվա երկրորդ կեսին կողմերի միջև բանակցություններ սկսելու համաձայնություն է ձեռք բերվում։ Կրպեյանը իր զինակիցներից մի քանիսի և փոխգնդապետ Մաշկովի հետ միասին շարժվում է դեպի գյուղի ծայրամասերից մեկը՝ բանակցելու համար, սակայն ճանապարհին երեք հայ աշխարհազորայինները սպանվում են ադրբեջանցիների կողմից, իսկ ռուս սպան վիրավորվում է։ Կրպեյանից բացի այդ օրը ևս չորս հայ աշխարհազորայիններ են զոհվում՝ Սիմոն Աչիկգյոզյանը, Արթուր Կարապետյանը, Հրաչ Դանիելյանն ու Վալերի Նազարեթյանը։ Այդ օրը զենքի ձեռքին զոհված հայ կամավորներից ամենաերիտասարդը 24 տարեկան էր, ամենաավագը՝ 52-ամյա երևանցի երկրաբան, Մարտունաշենի պաշտպանության հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը։
Առավոտյան մարտերից հետո, տեսնելով, որ հայկական գյուղերն առանց դիմադրության չեն հանձնվում, ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ռուսական զորքերը սկսում են դուրս գալ Գետաշենից։ Մեկնարկում է գյուղերի քառօրյա գնդակոծությունը՝ ավտոմատներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից ու տանկերից։ Մայիսի 4-ին խորհրդային իշխանությունները, Ադրբեջանի ՆԳՆ, ինչպես նաև Խանլարի շրջանային գործկոմը հայտարարում են, թե պատրաստ են ապահովել Գետաշենի և Մարտունաշենի բնակիչների կողմից տների վաճառքի գործընթացն ու հետագա տարհանումը։ Ադրբեջանական իշխանություններն անգամ խոստանում էին վաճառված տների գումարները գետաշենցիներին փոխանցել եռօրյա ժամկետում։ Բնականաբար, այս բոլոր խոստումները չէին կատարվելու։ Փոխարենը՝ մայիսի 4-ից ռազմական ուղղաթիռները սկսեցին Հայաստան տարհանել գետաշենցի կանանց, երեխաներին ու ծերերին։ Հայկական երկու գյուղերում բնակվող տղամարդկանց տարհանում էին ավտոբուսներով՝ հատելով Ադրբեջանի ամբողջ տարածքը։ Ճանապարհին նրանց մի մասը ձերբակալվեց և տեղափոխվեց ադրբեջանական բանտեր։ Վերջին հայերը Գետաշենը լքեցին 1991 թվականի մայիսի 8-ին։
Գետաշենի ինքնապաշտպանության հրամանատար, դաշնակցական Թաթուլ Կրպեյանին 1996 թվականին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ազգային հերոսի կոչում կշնորհվի։ Տարիներ հետո Գետաշենի պաշտպանության և դրա ընթացքում հերոսաբար զոհված հայ աշխարհազորայինների մասին երգեր կգրվեն, նրանց պատվին փողոցներ ու դպրոցներ կանվանակոչվեն։
Ամենաարյունալի դրվագը՝ դեռ վարչական սահմանի Նոյեմբերյանի հատվածում
«Կոլցո» գործողության ամենաարյունալի դրվագը, սակայն, ծավալվում էր Գետաշենից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա՝ հայ - ադրբեջանական այն ժամանակ դեռ վարչական սահմանի Նոյեմբերյանի հատվածում։ Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ջոկատների զինաթափման փորձերի և հայկական գյուղերի բռնագաղթին զուգահեռ խորհրդային բանակը փորձում էր նույնն անել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ այսպես կոչված անվտանգության գոտի ստեղծելով։ Այս առումով ամենալարված իրավիճակը ստեղծվել էր Նոյեմբերյանի շրջանի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին։ Լարվածության գլխավոր պատճառներից մեկը հայկական գյուղերի թիկունքում գտնվող ադրբեջանական անկլավների առկայությունն էր, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայկական բնակավայրերն իրար միացնող ճանապարհները մի շարք հատվածներում հատում էին սահմանը։ Այստեղ դիմադրության կենտրոններից մեկը Ոսկեպարն էր։ Խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՕՆ-ը Ոսկեպարի ուղղությամբ հարձակման անցան 1991 թվականի մայիսի լույս 5-ի գիշերը։
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Ոսկեպարում ծավալվող իրադարձություններում որոշիչ դերակատարություն ուներ։1991-ի գարնանը Հայաստանը զինված ուժեր դեռ չուներ, և սահմանների պաշտպանության բեռը կամավորական ուժերի հետ միասին այն ժամանակ դեռևս միլիցիա կոչվող ոստիկանության ուսերին էր։ Եվ հենց նոյեմբերյանցի ոստիկաններն էին, որ դարձան «Կոլցո» գործողության ամենաարյունալի դրվագի գլխավոր զոհերը։
Ոսկեպարի մերձակայքում խորհրդային բանակի իրականացրած գործողության արդյունքում 11 նոյեմբերյանցի ոստիկաններ զովեցին, ողջ մնացածացներից 10-ը գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ նրանցից ևս երեքը մահացան։ Այս հարձակումից մի քանի ժամ անց խորհրդային բանակը գերեվարեց Ոսկեպարը պաշտպանող ևս 45 հայ ոստիկանների՝ նրանց նույնպես հանձնելով ադրբեջանական կողմին։ Հայ իրավապահներն ադրբեջանական բանտերում անցկացրեցին շուրջ 100 օր։ Հայաստանի իշխանությունների գնահատականը բավական կտրուկ էր։ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի էր ունեցել Գետաշենում և Մարտունաշենում, պետական ահաբեկչություն էր, իսկ Ոսկեպարի դեպքերը նա որակում էր Խորհրդային Միության չհայտարարված պատերազմ ընդդեմ Հայաստանի։
91-ի մայիսի սկզբին ստեղծված իրավիճակն իրոք լայնամաշտաբ պատերազմ էր հիշեցնում։ Մայիսի 1-8-ը խորհրդային բանակը գրոհում էր միանգամից մի քանի ուղղություններով՝ Շուռնուխ, Գորիս, Արծվաշեն, Պառավաքար։ Կիրանցում խորհրդային բանակը քանդում էր գյուղ տանող ճանապարհները՝ կտրելով բնակավայրի կապը Նոյեմբերյանի շրջանի հետ։ Պաշտոնական Երևանի հրապարակած տվյալներով՝ 24 մարդ էր զոհվել՝ 14 ոստիկան և 10 քաղաքացիական անձ։ 104 Հայաստանի բնակիչ գերեվարվել էր, նրանցից 67-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։
Ի տարբերություն Գետաշենի, Ոսկեպարում խորհրդային բանակն անհամեմատ ավելի կաշկանդված էր։ Նախ՝ սա Հայաստանի տարածքն էր, և այն ժամանակվա հայկական իշխանությունները, չնայած ուժերի ակնհայտ անհավասարությանը, անում էին ամեն ինչ քիչ թե շատ համակարգված դիմադրություն կազմակերպելու համար։
Ինչպես 1991-ի մայիսին հայկական հեռուստատեսության եթերում նկատում էր Գերագույն խորհրդի պատգամավոր Սամվել Շահմուրադյանը՝ հայկական բանակը ձևավորվում էր հենց այդ, սահմանային մարտերում և նույնիսկ չնայած զոհերին՝ իրավիճակը շատ էր տարբերվում 1990 թվականի մայիսին տեղի ունեցած Երասխի կռիվներից։
Հայկական ուժերի դիմադրությունից բացի կար ևս մեկ գործոն, որ որոշակիորեն զսպում էր խորհրդային բանակի և դրա ադրբեջանցի դաշնակիցների գործողությունները։ Բանն այն է, որ եթե Մութալիբովի Ադրբեջանը համագործակցում էր Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների և անձամբ Միխայիլ Գորբաչովի հետ, ապա Հայաստանը կառավարող Հայոց համազգային շարժման քաղաքական դաշնակիցը Մոսկվայում գտնվող երկրորդ ուժային կենտրոնն էր՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Ելցինն ու նրան պաշտպանող ժողովրդավարական ուժերը։
Դա էր պատճառը, որ Ոսկեպարի վրա հարձակումից հաշվված ժամեր անց գյուղ ժամանեց Ելցինին աջակցող ռուսաստանցի պատգամավորներից կազմված պատվիրակությունը, Մոսկվա վերադառնալուց հետո էլ Ռուսաստանի օրենսդիր մարմինը Ոսկեպարի դեպքերի պաշտոնական հետաքննություն սկսեց՝ խորհրդային բանակին մեղադրելով «օրինական իրավապահ համակարգի դեմ ուժային գործողությունների իրականացնելու համար»։ Ելցինի թիմակիցների այս ակտիվությունը այն հիմնական գործոններից էր, որի շնորհիվ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերը չարժանացան Գետաշենի ու Մարտունաշենի ճակատագրին։
Ընդհանրապես 1991-ի գարնանը նկատելի էր՝ հակասովետական տրամադրությունները Հայաստանում շատ ուժեղ են, ատելությունը խորհրդային ուժային կառույցների՝ նախևառաջ բանակի նկատմամբ օրեցօր աճում է։ Այսօր կարող է զարմանալի թվալ, բայց հակասովետական և հակաբանակային տրամադրություններն ի վերջո հակառուսական տամադրությունների չվերածվեցին։ Դրան նախևառաջ նպաստեց այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն իր հայտարարություններում բավական զուսպ էր։ Քննադատելով կենտրոնական իշխանություններին՝ Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը ռուսների՝ որպես ազգի մասին որևէ վատ արտահայտություն իրենց թույլ չէին տալիս։
Հայ հանրությանը մի զգալի մասն էլ այս մոտեցումը կիսում էր՝ տեսնելով, որ եթե ռուսների շրջանում տիրող տրամադրությունները այնքան էլ միանշանակ չեն, և որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները Հայաստանի դեմ միութենական կառավարության և Բաքվի ձեռնարկած պատժիչ գործողություններին աջակցելու որևէ մտադրություն չունեն։
«Կոլցո» գործողության երկրորդ փուլի ամենաթեժ պահին խորհրդային և ադրբեջանական իշխանությունները համատեղ ուժերով արդեն իսկ հայաթափել էին Հադրութի շրջանի 15, Շուշիին հարակից երեք և Ասկերանի շրջանի երկու հայկական գյուղերը։ Հուլիսին արդեն ադրբեջանական բանակը հարձակման անցավ Շահումյանի շրջանում՝ երկու շաբաթում գրավելով Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ բնակավայրերը։Սցենարը նույնն էր՝գործողության ռազմական կոմպոնենտն ապահովում էր խորհրդային բանակը՝ պատժիչը՝ ադրբեջանական ՕՄՕՆ-ը։
Իրադրությունը հայերի համար իրոք օրհասական էր։ Դա էր պատճառը, որ հուլիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի հայերի վեց հոգանոց պատվիրակությունը՝ մարզխորհդրի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնեց Բաքու՝ հանդիպելով Մութալիբովի հետ։ Բաքվի պահանջը հստակ էր՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է վերջնականապես ենթարկվեն Բաքվին և մասնակցեն աշնանը կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրություններին։
Օգոստոսին արդեն «Կոլցո» գործողությունը տեղափոխվում է Մարտակերտի շրջան։ Ամսվա կեսին խորհրդային զորքերը շրջապատում են Հաթերք և հարակից Չափար գյուղը։ Այստեղ տեղի բնակիչները կիրառեցին նույն մարտավարությունը, ինչ Գետաշենում, սակայն անհամեմատ ավելի մեծ ծավալով և ավելի մեծ հաջողությամբ։ Վարդգես Բաղրյանն իր «Տեսադաշտ» գրքում հիշում է, որ Հաթերքում գործող «Փառանձեմ» կամավորական ջոկատն ու տեղացի կանայք զինաթափում և գերի են վերցնում գյուղը շրջապատած խորհրդային ստորաբաժանումներից մեկի 43 զինծառայողներին։ Այս միջադեպից հետո Հաթերքի դեմ հարձակումը գրեթե անխուսափելի էր թվում, այն, սակայն, այդպես էլ չմեկնարկեց։ Պատճառը օգոստոսի լույս 19-ի գիշերը Մոսկվայում սկիզբ առած բուռն իրադարձություններն էին։
Օգոստոսյան հեղաշրջումը կանխեց անխուսափելի թվացող հարձակումը Հաթերքի դեմ
Խորհրդային ղեկավարության մի մասը որոշել էր պաշտոնանկ անել այդ պահին Ղրիմում հանգստացող Միխայիլ Գորբաչովին` նրա մտացածին հիվանդությունը որպես պատրվակ ներկայացնելով և նախագահի լիազորությունները փոխանցելով ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևին։ Երկրի կոլեկտիվ կառավարումը ստանձնում էր Սահմանադրությամբ չնախատեսված մի կառույց, որ կոչվում էր Արտակարգ դրության պետական կոմիտե՝ ռուսական հապավմամբ ГКЧП։ Ռուսաստանի նորընտիր նախագահ Ելցինն ու նրա թիմը, մինչդեռ, տեղի ունեցածը հեղաշրջում որակեցին՝ կոչ անելով համընդհանուր դիմադրություն ցուցաբերել պուտչիստներին, իսկ զինվորականներին՝ չկատարել հակասահմանարդական հրամանները։
Օգոստոսյան հեղաշրջումը տևեց ընդամենը երեք օր, և դրա ավարտին, երբ հեղաշրջման առաջնորդներն արդեն ձերբակալվել էին, իսկ Գորբաչովն արդեն վերադարձել էր Մոսկվա, Խորհրդային Միությունում միանգամայն այ քաղաքական իրադրություն էր։ Ուժային հիմնական կենտրոնն այլևս ոչ թե Կրեմլում էր, այլ Ռուսաստանի Գերագույն խորհրդում և Բորիս Ելցինի աշխատակազմում, իսկ խորհրդային բանակը հանրության աչքերում վերջնականապես վարկաբեկված էր և գտնվում էր բարոյալքման շեմին։ Նման իրավիճակում «Կոլցո» գործողությունը խորհրդային բանակի համար այլև առաջնահերթություն չէր։ Առաջիններից մեկը դա նկատեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Օգոստոսյան տապալված հեղաշրջումից հետո Հայաստանը շահեկան վիճակում էր հայտնվել ևս մեկ պատճառով։ Բանն այն է, որ օգոստոսի 19-21-ը Անդրկովկասում միայն Հայաստանի իշխանություններն էին, որ միանշանակորեն դատապարտեցին կատարվածը։ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցածը ռազմական հեղաշրջում անվանեց, իսկ ГКЧП-ի տապալումից հետո՝ օգոստոսի 22-ի ասուլիսում հայտարարեց, որ հաղթանակի դափնիները պատկանում են բացառապես Բորիս Ելցինին։ Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունները ցայտուն կերպով տարբերվում էին այն դիրքորոշումից, որ որդեգրել էին հարավկովկասյան մյուս երկու հանրապետությունների ղեկավարները։ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ողջունեց մոսկովյան հեղաշրջումը և այդ առթիվ նույնիսկ կիսատ թողեց իր այցը հարևան Իրան ու շտապ վերադարձավ Բաքու։ Ավելի զարմանալի էր Վրաստանի առաջին նախագահի՝ նախկին խորհրդային այլախոհ Զվիադ Գամսախուրդիայի պահվածքը։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թենգիզ Սիգուայի պնդմամբ՝ Գամսախուրդիան ոչ միայն չէր ընդդիմացել հեղաշրջմանը, այլև համաձայնել էր կատարել օգոստոսի 19-ին խորհրդային բանակի հրամանատարության կողմից իրեն ներկայացված պահանջները՝ խոստանալաով անգամ լուծարել Ազգային գվարդիան։
Հայաստանի իշխանությունները՝ Ելցինի կովկասյան միակ դաշնակից
Այսպիսով, մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Հայաստանի իշխանությունները, որոնք ամիսներ շարունակ Մոսկվայի և Բաքվի անննախադեպ ռազմական ու քաղաքական ճնշման տակ էին, բառացիորեն մեկ գիշերում դարձան Մոսկվայում ամենաազդեցիկը դարձած ուժի՝ Ելցինի իշխանության միակ կովկասյան դաշնակիցը։
Այս քաղաքական կտրուկ փոփոխության հետևանքները սկսեցին զգացվել օգոստոսյան հեղաշրջման տապալումից հաշվված օրեր անց։ Սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին։ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն աստիճանաբար փոխվում էր հօգուտ հայկական կողմի։ Խորհրդային բանակն ու ներքին զորքերն այլևս չէին միջամտում հայ - ադրբեջանական համակարտությանը։ Հայկական ջոկատները և ադրբեջանական ՕՄՕՆ-ը մնացել էին դեմ-դիմաց, և առավելությունն ակնհայտորեն հայերի կողմն էր։ Նախորդ ամիսներին՝ խորհրդային բանակի դեմ մարտերում հայկական ջոկատները լուրջ մարտական փորձ էին ձեռք բերել։ Նույնը չէր կարելի ասել ադրբեջանական ՕՄՕՆ-ի մասին, որի կուտակածը հիմնականում պատժիչ գործողությունների և թալանի փորձն էր։
91-ի աշնանը մեկը մյուս հետևից հայերն ազատագրում են «Կոլցո» գործողության ընթացքում հայաթափված բոլոր գյուղերը՝ բացառությամբ Գետաշենի և Մարտունաշենի, բռնի տեղահանվածները սկսում են վերադառնալ իրենց տներ։ Մայիսից հուլիս ամիսներին տեղահանվածների վերադարձի իրավունքն ամրագրվեց նաև սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում կնքված հուշագրով։ Այս փաստաթուղթը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Ելցինի և Նազարբաևի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքն էր։ Այս երկու հանրապետությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ակնհայտորեն ցանկանում էին զբաղեցնել թուլացած միութենական կենտրոնի տեղը:
Ադրբեջանի Գերագույն խորհուրդը նոյեմբերի 26-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին որոշում ընդունեց։ Սա, սակայն, արդեն հուսհատ մի քայլ էր հիշեցնում՝ Բաքուն սրընթաց կերպով կորցնում էր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ՝ հայկական ուժերը խորհրդային բանակի չեզոքության պայմաններում դանդաղ, բայց անշեղորեն դուրս էին մղում ադրբեջանական ուժերին մարզի տարածքից։ Իրավիճակն ընդամենը մի քանի ամսում փոխվել էր տրամագծորեն․ եթե գարնանը Գորբաչովն էր Ադրբեջանի առաջին նախագահին հարցնում թե ինչ է նա ուզում, որ կենտրոնն անի Ադրբեջանի համար, 91-ի դեկտեմբերին Ռուսաստանի ղեկավար Ելցինն այս հարցը տալիս էր արդեն իր հայաստանցի պաշտոնակցին։
«Ելցինն ինձ ասաց՝ «ինչի՞ մասին է խոսքը, ուզում ե՞ք՝ ես հենց այսօր կճանաչեմ Հայաստանի անկախությունը»։ Ես ասացի՝ «իհարկե ուզում եմ»։ Ինձ թվաց՝ նա կատակում է։ Երեկոյան նստած էինք տանը, և հանկարծ «Ժամանակ» ծրագրով հաղորդեցին Ելցինի հայտարարությունը, թե Ռուսաստանը ճանաչել է Հայաստանի և Ղազախստանի անկախությունը, նրանք կցեցին նաև Ղազախստանը», - 2011 թվականին BBC-ին տված հարցազրույցում հիշում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1992 թվականը Հայաստանն ու Ադրբեջանը դիմավորեցին որպես անկախ պետություններ։ Արյունալի պատերազմը կշարունակվի ևս երկուսուկես տարի, և չնայած Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում պարբերաբար ծագող ճգնաժամերին կամ ռուս-ադրբեջանական հարաբերություններում մերթընդմերթ արձանագրվող ջերմացումներին, ելցինյան Ռուսաստանն այլևս չկրկնեց Խորհրդային Միության վերջին ղեկավարի սխալը՝ ակնհայտորեն պաշտպանելով հակամարտության կողմերից մեկին։ Ռուսաստանի այս չեզոքությունը հնարավորություն տվեց պաշտոնական Երևանին գործնական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, ինչի գլխավոր պտուղները Հայաստանը սկսեց քաղել արդեն Ղարաբաղյան պատերազմից հետո։ Այն նույն ռուս գեներալները, որոնք դրանից մի քանի տարի առաջ կռվում էին հայ աշխարհազորայինների դեմ, 94-96 թվականներին, բնականաբար՝ իրենց վերադասների հրամանով, Հայաստանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենք փոխանցեցին՝ հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանը պահպանի ուժերի հավասարակշռությունը Ադրբեջանի հետ։
Գևորգ Ստամբոլցյանի «Նորագույն պատմություն» հաղորդաշարի հերթական թողարկումն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.