Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։
«Ազատություն»-ն այսօր եղել է Ոսկեպարի եկեղեցու հատվածում, իրավապահների թույլտվությամբ բարձրացել եկեղեցի։
Տարածքում «Ազատություն»-ը նաև հայ սահմանապահների է նկատել։
Շաբաթներ առաջ պարեկներն էին փակել ճանապարհը։ Որպես պարզաբանում նշվել էր՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջին փուլով Ոսկեպար-Բաղանիս հատվածն է սահմանազատվում։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Արձանագրության ստորագրումից մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց, որ խնդիր չկա։ Ըստ Փաշինյանի՝ այլևս խնդիրներ չկան, թե՛ եկեղեցու, թե՛ Բաղանիս-Ոսկեպար հին ճանապարհի հարցում։
Գործադիրի ղեկավարը պարզաբանեց՝ Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը, որտեղով անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Խոսելով եկեղեցու մասին՝ Փաշինյանն ասաց՝ թեև սահմանային սյունը սուրբ Աստվածածին եկեղեցուց մի քանի տասնյակ մետրի վրա է տեղակայվել, «համենայն դեպս բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում»։