Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Բաղերին հրահանգել է հատուկ քննչական հանձնաժողով ստեղծել, որը կքննի երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող մյուս պաշտոնյաների մահվան հանգամանքները։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանձնաժողովը ղեկավարելու է գեներալ-մայոր Ալի Աբդալահին։ Քննչական մարմնի կազմում ռազմական և տեխնիկական փորձագետներ են ընդգրկվելու, որոնք մանրամասնորեն ուսումնասիրելու են նախագահական ուղղաթիռի վթարի պատճառները։
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվեց կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան: