Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով


  • Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու արտգործնախարարը և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով:
  • Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

21:40

Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և նրանց պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

21։23

Երևանում հարգանքի տուրք են մատուցում զոհվածների հիշատակին

17:54

Էբրահիմ Ռայիսին հայտնի էր իր ծայրահեղ պահպանողական դիրքորոշմամբ և համարվում էր Իրանի 85-ամյա գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդը։

Ինչպիսին էր նրա նախագահությունը, «Ազատության» անդրադարձն այստեղ։

14:55

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Հակաճգնաժամային կառավարման գործակալության աշխատակիցներին։

14:02

«Մեծ ակտիվացում Ադրբեջանի կողմից, որ առիթից օգտվեն և ինչ-որ գործողություններ սկսեն, այս իրադարձության հետ չէի կապի», - ասում է իրանագետ Ալեն Շադունցն ու հավելում՝ մոտակա ամիսներին և տարիներին Իրանը կշարունակի այն քաղաքական կուրսը, որի ջատագովն էր։

13:43

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի ողջ տարածքում հնգօրյա սուգ է հայտարարել՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան առիթվ։

Իրանի գերագույն առաջնորդի մեկ այլ որոշմամբ՝ առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

12:49

«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն», - «Ազատությանն» ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկություններն այն մասին, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո պետք է այցելեր Հայաստան:

12:18

Ռուսաստանի նախագահը պաշտոնական ցավակցություններ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան առթիվ՝ իր իրանցի պաշտոնակցին «ականավոր գործիչ» անվանելով։

12:09

Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների դիերը տեղափոխվում են Թավրիզ՝ Իրանի հյուսիս-արևմուտք։

11:00

Reuters-ը որոշ փաստեր է ներկայացրել 68-ամյա Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի մասին, որը, երկրի սահմանադրության հիման վրա, ակնկալվում է, որ կդառնա ժամանակավոր նախագահ՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Էբրահիմ Ռայիսիի մահից հետո:

  • Որպես ժամանակավոր նախագահ՝ Մոհբերը երեք հոգուց բաղկացած խորհրդի մի մասն է՝ խորհրդարանի խոսնակի և դատական համակարգի ղեկավարի հետ միասին, որը կկազմակերպի նոր նախագահական ընտրություններ նախագահի մահից հետո 50 օրվա ընթացքում:

10:45

ԵՄ-ն իր անկեղծ ցավակցություն է հայտնում ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների մահվան կապակցությամբ: Այս մասին իր X-ի էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

09:32

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, X-ի իր էջում ցավակցելով Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ, գրել է. - «Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մութ պահին»։

09:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

08:56

Ռայիսիի կաբինետը արտակարգ նիստ է հրավիրում, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Իրանի օրենսդրությունը նախատեսում է, որ եթե նախագահը մահանա, իշխանությունը փոխանցվում է առաջին փոխնախագահին։ Խորհրդարանի նախագահից, դատական իշխանության ղեկավարից և առաջին փոխնախագահից բաղկացած խորհուրդը պետք է 50 օրվա ընթացքում կազմակերպի նոր նախագահի ընտրությունը: Իրանի ներկայիս առաջին փոխնախագահը Մոհամմադ Մոխբերն է։

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռը
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռը

08:47

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG