Կիրանցում մարդիկ փակել են ճանապարհի այն նույն հատվածը, որը փակ էին պահում շուրջ երկու շաբաթ։ Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհին կրկին խցանումներ են արդեն մի քանի ժամ։
Գյուղացիները վրաններ են տեղադրել։ Նրանք վրդովված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից, պնդում են, որ իշխանություններն իրենց խաբել են՝ հանդիպումների ժամանակ ասելով, որ գյուղից զիջում չի լինելու, սակայն հիմա տեսնում են, որ այդպես չէ։
Մարդիկ այստեղ հավաքված պարզաբանումների են սպասում իշխանություններից։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները երեկ ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Ադրբեջանին, ըստ այդ արձանագրության, կանցնի Կիրանցի կամուրջը, 2-3 ամսում պետք է նոր ճանապարհ կառուցվի։ Կառավարությունն ընդունում է, որ գյուղացիները նաև գույք կկորցնեն, հստակ թիվ, սակայն, չեն նշում՝ խոստանալով փոխհատուցում։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։