Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը․ ԱՄՆ պետդեպարտամենտ


ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ

Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը Թբիլիսիում է, հանդիպել է վրացի պաշտոնյաների հետ։

Ընդգծելով, որ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ Պատելը հայտարարել է՝ Վաշինգտոնն աջակցում է այդ ձգտումներին։

«Մենք նաև գիտենք, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Սա համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը։ Բայց նման օրենքները հակասում են նշված նպատակին», - ասել է Պատելը՝ նկատի ունենալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը Վրաստանի խորհրդարանը երեկ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց՝ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանի հետ հարաբերություններն ու գործընկերությունը, որ գոյություն ունեն ավելի քան 30 տարի, և ցանկանում է շարունակել խորացնել այդ համագործակցությունը:

«Դեռ ժամանակ կա համատեղ աշխատելու համար, բայց մեր տեսակետն այն է, որ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը», - ասել է Պատելը՝ նշելով, որ երեկ ընդունված օրենքն առաջ է տանում այն տեսակետները, որոնք գոյություն ունեն, օրինակ, Կրեմլում։

«Այս օրենսդրությունը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանը, լրատվական, ոչ առևտրային կազմակերպություններին: Դա ոչ միայն հակասում է այն արժեքներին, որոնք ունեն Վրաստանն ու Միացյալ Նահանգները, այլ նաև վրաց ժողովրդի ձգտումներին», - նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Օ’Բրայենը Թբիլիսիում ընդգծել է՝ «եթե օրենքը վերանայվի, մենք հնարավորություն ունենք ամրապնդելու մեր գործընկերությունը»։

2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։

XS
SM
MD
LG