Մատչելիության հղումներ

ԵՄ-ն համաձայնել է ՌԴ սառեցված ակտիվներից ստացված հասույթի 90 տոկոսն օգտագործել Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված հասույթի մոտ 90 տոկոսը կուղղվի Ուկրաինայի ռազմական կարիքներին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ ԵՄ երկրները կոնսենսուս ունեն այդ եկամուտների օգտագործման հարցում։

«Ռուսական սառեցված ակտիվներից ստացված անսպասելի եկամուտն օգտագերծելու հարցում Եվրոպայում կոնսենսուս ունենք: Սա զգալի գումար է՝ տարեկան մի քանի միլիարդի հասնող։ Մենք համաձայնության եկանք այդ միջոցների մոտ 90 տոկոսը Ուկրաինայի պաշտպանության նպատակների համար օգտագործելու հարցում, այն այժմ վերջնական տեսքի է բերվում»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև համաձայն է, որ այդ գումարն օգտագործվի ոչ միայն ԵՄ-ից, այլև ամբողջ աշխարհից զենք գնելու համար։

Դեռ մարտին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն էր առաջարկել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված հասույթի 90 տոկոսն ուղղել Ուկրաինային ռազմական օգնությունը ֆինանսավորող ԵՄ հիմնադրամ։

Reuters-ը գրում է, որ Արևմուտքում կենտրոնացված ռուսական բոլոր ակտիվների մոտ 70 տոկոսը պահվում է Բելգիայի Euroclear արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում: Խոսքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի և 190 միլիարդ եվրոյի (204,67 միլիարդ դոլար) համարժեք գումարի մասին է։

Այս ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու վերջնական որոշումը կկայացվի հունիսին Իտալիայում՝ G7-ի գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG