ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա նաև առանց Հայաստանի: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակի փոխանցմամբ, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, պետք է այդ մասին դուրս գալուց կես տարի առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի:
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։
ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Բելառուս։