«Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել». - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ երկրում իրավիճակը փոխելու նպատակով ընդդիմադիր ուժերի համագործակցությունը հնարավոր է, բայց մեկ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելը նա իրատեսական չի համարում՝ հաշվի առնելով այդ ուժերի մոտեցումների և ընկալումների տարբերությունները, ինչպես նաև անձնական հարաբերությունները:
Նախօրեին «Հայկական համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը Քոչարյանը խոսել է ոչ միայն 2020-ի պատերազմը տանուլ տալու և Արցախը կորցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների, այլև ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու հնարավորության մասին:
«Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, սաղին հավաքել, սենց ասել՝ սաղդ միասին, տենց չի լինելու, մենք մեզ չխաբենք: Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով: Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվել՝ իրատեսական եմ համարում: Հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն՝ այո: Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել՝ այո: Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 միավոր, կամ 20 միավոր՝ ուղղակի իրատեսական չի», - հայտարարել է Քոչարյանը:
Այն, որ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, Հայաստանի երկրորդ նախագահը վերահաստատել էր դեռևս փետրվարին՝ իր վերջին ասուլիսում, ընդգծելով, որ իր ղեկավարած «Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր ընտրական գործընթացներին՝ լինի հերթական, թե արտահերթ: Քոչարյանն ասել էր, թե ընտրական գործընթացներին պետք է մասնակցել ամենապրագմատիկ ֆորմատով, որն առավելագույն հաջողություն կապահովի:
Հանրապետականը «ընտրությունների մասին չի խոսում»
«Հանրապետական կուսակցությունը մշտապես ասել է, որ մեզ համար առաջնահերթությունը Նիկոլի հեռացումն է». - երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականից արձագանքում են՝ պատրաստ են համագործակցության Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև՝ ցանկացած ուժի կամ անհատի, ով պայքարում է Փաշինյանի դեմ: Ինչպես հանրապետական պատգամավոր Աննա Մկրտչյանն է նշում՝ իհարկե, իրենց ունեցած ընկալումների և բնորոշումների շրջանակում: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական թե արտահերթ ցանկացած գործընթաց չի կարող հանգեցնել նրա իշխանության հեռացմանը:
«Մենք հիանալի հասկանում ենք, որ էն ժամանակամիջոցը, որ անցել է, հստակ ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրավական, սահմանադրաիրավական գործիքակազմով պայքարել, հույս ունենալ, որ ինքը պահելու է այդ խաղի կանոնները, հնարավոր չէ: Բոլորիս աչքի առաջ է եղել 18 թվականի ատելության խոսքի, 21 թվականի չագուչով ընտրությունների գնալու, այսինքն՝ այն ժամանակամիջոցը, որ իր համար անհրաժեշտ է արտահերթ կամ հերթական ինչ-որ մի պրոցես կազմակերպելու համար, ինքը դա անում է իշխանական լծակներով, պետական ռեսուրսը օգտագործելու միջոցով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մկրտչյանը:
Հարցին՝ նաև մոտեցումների տարբերությունները հաշվի առնելով, Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ է, պատգամավորն արձագանքեց. - «Չեմ համարում, որ իրական ընդդիմադիր ուժերը, որևէ մեկը էդ ընդիմադիր ուժերից համարում է, որ Նիկոլը դավաճան չէ, հետևաբար՝ մենք էստեղ խնդիր չունենք: Հանրապետական կուսակցությունը ընտրությունների մասին չի խոսում, մենք օր առաջ Նիկոլին հեռացնելու մասին ենք խոսում և պատրաստ ենք կանգնել ցանկացած վայրում ցանկացած մարդու կողքին, ով որ էս օրակարգի մեջ է, էս տրամաբանության մեջ է: Նորից եմ կրկնում՝ առանց ամբիցիայի, ապագա իշխանության մաս, կամ ապագա իշխանությունում բաժին ունենալու»:
Որ Հանրապետականի և Քոչարյանի կողմնակիցների միջև կան դիրքորոշումների տարբերություններ, այդ մասին խոսել էր հենց երկրորդ նախագահը: Նա պնդել էր, որ ընտրություններով հնարավոր է հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ մի դիրքորոշում, որն, օրինակ, չի համընկնում Հայաստանի երրորդ նախագահի մոտեցմանը։
«Հանրապետականները իրենց հարցազրույցներում ասում են այս թեզը, որ ընտրություններով հնարավոր չի, չէ՞, ինչ-որ, հաջողության հասնել: Ես այդպես չեմ մտածում: Դա տարաձայնությո՞ւն է, այո, տարաձայնություն է, բայց դա փակո՞ւմ է ճանապարհը երկխոսության, ինչ-որ հարցեր քննարկելու, իհարկե չի փակում», - նշել էր Քոչարյանը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նաև խոստովանել էր, որ իր և Սերժ Սարգսյանի համակիրների ջրերը նույն առվով չեն հոսում։ Հետևաբար, ըստ նրա, ինքնանպատակ միավորումները կարող են բերել հիասթափությունների. - «Եթե մենք, սենց կոպիտ ասած, փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու են: Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում»:
Մինչդեռ օրերս Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հորդորեց ընդդիմադիր ուժերին պառակտումները մի կողմ դնել և կենտրոնանալ Փաշինյանին հեռացնելու հարցի շուրջ, պնդելով՝ աջակցելու են նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնությանը:
«Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ՝ այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք-կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել», - հայտարարել է երրորդ նախագահը:
Քոչարյանի թիմում չեն մեկնաբանում Պուտին- Քոչարյան հանդիպման լուրը
Ընդդիմադիր ուժերի ակտիվացման ֆոնին «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է, թե բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա և տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ըստ օրաթերթի՝ շաբաթներ առաջ Մոսկվա է մեկնել Ռոբերտ Քոչարյանը, ով այնտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինին: «Ազատություն»-ը Քոչարյանի թիմակից Ագնեսա Խամոյանից փորձեց ճշտել՝ արդյոք Մոսկվայում կայացել է Քոչարյան-Պուտին հանդիպումը: «Առանց մեկնաբանության», - պատասխանեց պատգամավորը:
Ի դեպ, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով այս պահին Մոսկվայում են Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովն ու խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նրանք մասնակցում են Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային միջկուսակցական համաժողովին: Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. - «ՀՀԿ-«Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում»:
Առաջիկայում Մոսկվա կմեկնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, մասնակցելու մայիսի 9-ին՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին: