«Իրանք էկել են ավտոբուսներից իջել ու հարձակվել՝ որին քաշ տալով, որին թակելով, որին բաներ հիշացնելով՝ անցած անգամվա կատարվածները»...
Վաղ առավոտից Կիրանցի սկզբնամասում ճանապարհ փակած երեք տասնյակ մարդկանց ոստիկանությունը բերման ենթարկեց, հայտարարելով՝ նրանք չեն կատարում ոստիկանի օրինական պահանջը, որը մեկն էր՝ բացել այդ հատվածը։
Տավուշում սահմանազատմանը դեմ արտահայտվող մարդիկ արդեն երկու շաբաթ է բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իշխանությանը մեղադրելով միակողմանի զիջումների մեջ, ու հայտարարում, որ իրենց անվտանգությունն է հարցականի տակ դրվում։
«Ասեցին՝ «ճանապարհը բացեք», մենք հրաժարվեցինք ճանապարհը բացելու, ու սկսեցին էդ իրանց գործողությունը», - պատմեց գյուղացիներից մեկը:
«Թեթևակի վնասվածքներ կան, դե մազերիցս են քաշել», - ասաց մյուսը:
«Վնասվածք կա՝ մի քանի հոգի, որ, ասենք, ուսն ա ցավում, ոտն ա ցավում, բայց կոնկրետ լուրջ բան չկա: Հա, արտահայտություններ էլ են արել, որ էդ լավ ա՞, որ էն անգամ էդ ձև ստացվեց, հիմա էլ էս ձև պտի ստացվի, իրանց արած արտահայտություններն ա: Անձնական ոխ ունեն իրանց մեջ, քեն: Մենք էս անգամ ձեռներներս բարձրացրած, ոնց որ որ էն անգամ, ոչ մի քայլ, մենք ասել ենք, որ մենք բռնություն չենք կիրառում, բայց իրանց մեջ կար, որ իրանք պիտի բռնություն կիրառեն», - հայտարարեց երրորդը:
Ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հերքում է, որ քաղաքացիներին բերման ենթարկելիս ուժ է գործադրել, ավելին՝ հերքում է նաև, թե առավոտյան ոստիկանությունը հատուկ գործողություն է կատարել։ Մինչդեռ վաղ առավոտյան դեպի Կիրանց տանող ճանապարհին ոստիկանության գնդապետը, որ ներկայացել էր Խաչատրյան ազգանունով ու քաղաքացիական հագուստով էր, «Ազատությանը» նման տեղեկություն էր փոխանցել. - «Ոստիկանության գնդապետ Խաչատրյան: Հատուկ գործողություններ է ստեղից էն կողմ կատարվում, ձեր անվտանգության համար չի կարելի»:
Կիրանց տանող ճանապարհներն այս պահին էլ փակ են, իսկ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար նրանց թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ։
«Ոստիկանությունը շարունակում է խախտել ՀՀ քաղաքացիների հավաքների ազատությունը»
«Ոստիկանությունը շարունակում է խախտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքների ազատությունը, որովհետև եթե նույնիսկ կարող են առանձին անհատներ, ենթադրենք, խաղաղ ցույցի կամ խաղաղ հավաքի սկզբունքները խախտել, ապա միայն նրանց կարող են բերման ենթարկել, այն էլ՝ պետք է կարողանա հիմնավորի և պե՛տք է հիմնավորի, որ, այո, հենց կոնկրետ այդ անձինք, որոնց բերման են ենթարկում և խաղաղ հավաքի վայրից հեռացնում են, նրանք խախտում են խաղաղ հավաքի սկզբունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Սաքունցը պնդում է՝ վերջին շրջանում ոստիկանությունը խախտում է տեղական օրենքներն ու Եվրոպական կոնվենցիան։
«Ոստիկանության գործողությունները համաչափ չեն եղել։ Հղում անել զուտ օրենքի համապատասխան հոդվածին և դրանով հիմնավորել գործողությունը՝ դա անհիմն է, որովհետև պետք է հիմնավորես, որ իրապես քո պահանջն օրինական է», - ընդգծեց իրավապաշտպանը։
Սաքունցը պարզաբանում է օրենքն ու Եվրոպական կոնվենցիան. նախ, անգամ ֆիզիկական ուժը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, կիրառելուց առաջ ոստիկանը պարտավոր է այդ մասին նախազգուշացնել քաղաքացուն և նրան խելամիտ ժամանակ տալ՝ կատարելու ոստիկանի հրահանգը։ Մինչդեռ Կիրանցի դեպքում մարդիկ պատմում են, որ իրենց ժամանակ չեն տվել՝ միանգամից հարձակվել են իրենց վրա։
«Պետք է ինքը հիմնավորի, որ ակցիան վտանգում է պետական անվտանգությունը», - ընդգծեց իրավապաշտպանը՝ հարցին, թե իր կարծիքով վտանգո՞ւմ է, արձագանքելով․ - «Ես կարծում եմ, որ բնակիչները՝ հատկապես բնակիչները, իհարկե, մնացած քաղաքական և այլն ուժերը ես հաշվի չեմ առնում, բայց կոնկրետ բնակիչները ունեն մտահոգություն իրե՛նց անվտանգության հետ կապված»։
Վարչապետ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում թեև Կիրանցի դեպքերին չանդրադարձավ, բայց ոստիկանական գվարդիայի օրենքի քննարկման ժամանակ շեշտեց․ - «Ոստիկանությունը ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք ա ունենա, եթե չունենա էդ իրավունքը, ոստիկանությունը ընդհանրապես որպես ծառայություն կդառնա անիմաստ։ Այլ բան, որ մենք պետք ա ունենանք շատ հստակ ստանդարտներ, շատ հստակ ստանդարտներ։ Սա կարևոր է և՛ քաղաքացուն պաշտպանելու համար, և՛ ոստիկանին պաշտպանելու համար», - հայտարարեց վարչապետը։
Օրերս էլ Փաշինյանի թիմակից, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր խոսել ոստիկանության կողմից ուժի ու զենքի կիրառման լեգիտիմության մասին։
Սակայն իրավապաշտպան Սաքունցն ընդգծում է՝ ոստիկանությունն իրավունք ունի սահմանափակելու նաև հանրահավաք անցկացնելու ազատությունն, օրինակ, ի շահ պետական կամ հասարակության անվտանգության, բայց Կիրանցում նման անհրաժեշտություն չի տեսնում։
Ըստ իրավապաշտպանի, 44 -օրյա պատերազմի, Արցախում անցած տարի տեղի ունեցածի ֆոնին մարդկանց մտահոգությունը տեղին է և նրանք կարող են անհանգստանալ, որ սահմանազատման արդյունքում չի երաշխավորվում իրենց անվտանգությունը, իսկ պետությունը համոզիչ հիմնավորումներ չի ներկայացնում։ Եվ այս պայմաններում կասկածելի են դառնում մարդկանց բերման ենթարկելու անհրաժեշտության մասին պնդումները։