Մատչելիության հղումներ

«Տարիքս մեծ ա, բայց կամքի ուժը ավելի շատ ա». Ստեփանակերտի պայթյունից տուժածներն՝ ապաքինման երկար ճանապարհին


Լեռնային Ղարաբաղ - Հրդեհը Ստեփանակերտի վառելիքի պահեստում, 25-ը սեպտեմբերի, 2023թ.
Լեռնային Ղարաբաղ - Հրդեհը Ստեփանակերտի վառելիքի պահեստում, 25-ը սեպտեմբերի, 2023թ.

Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած տասնյակ մարդիկ դեռ երկար ժամանակ պետք է շարունակեն վերականգնողական բուժումը: Նրանց մեծ մասն առայժմ չի կարող վերադառնալ աշխատանքի, ապրել նախկինի պես:

«Աջս լավ ա, մի քիչ լավ ա, ճիշտ ա չեմ կարում ծանր բաներ վեր կալել, բայց էն ձախս էնքան չի, ձախի ձեռս շատ ա վառել: Դաժե պահ ա եղել ընդե, որ բժիշկները որոշել են, որ պիտի հեռացնեին ձեռս՝ արդեն չէին կարում պահեն, հետո որոշին, որ՝ չէ, կարելի ա պահած: Հետո այրվածքները որ արդեն բուժվեցի, դուրս գրվեցի»:

Այժմ Վանաձորում բնակվող Ստեփանակերտի նախկին բնակիչը պատմում է, որ մաշկի այրվածքներից ավելի դաժան իր համար հիշողություններն են, թե ինչպես էին աչքի առաջ մարդիկ այրվում. - «Ամենաշատը ծանր որ տանում եմ, էդ ձեներն ա իրանց, էդ ինչ տեսել եմ, ձեները, որ չեմ կարեցել օգնեմ գոնե մեկին մի բանով: Մի էրկու-իրեք րոպե որ արդեն կրակից դուրս եմ էկել, մի քիչ որ արդեն տենց, ո՞նց բացատրեմ, վերականգնել եմ՝ սենց ասեմ, հետ եմ գնացել, որ ինչ-որ մեկին կարենամ ես գոնե օգնեմ մի բանով, չեմ կարեցել մոտիկանամ՝ կրակը շատ բարձր էր»:

Վյաչեսլավին պատահական մարդիկ մեքենայով հասցրել են մոտակա բուժհաստատություն, որտեղից արդեն ծանր վիճակում սեպտեմբերի 26-ին ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան, արդեն այստեղ անցել երկարատև բուժում, բազմաթիվ վիրահատություններ.

«Ճիշտ ա՝ տարիքս մեծ ա, իմ կամքի ուժը ավելի շատ ա, կարամ դիմանամ, բայց դեռ էրեխեք են էլել տասնութ-տասնինը տարեկան, չենք կարում, էլի, համակերպվենք: Էդ պահը հա, դժվար ա, շատ դժվար է: Նրանով ես ուրախանում, որ սաղ ես մնացել, էնքան որ էրեխեքիս մոտ եմ, էդքան մի բան»:

Վաղվա օրն անորոշ են պատկերացնում նաև Ստեփանակերտի պայթյունից տուժած տասնյակ այլ մարդիկ, հատկապես նրանք, որոնց առողջության վրա այրվածքներն անդառնալի հետք են թողել:

Մարտի վերջին Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնից դուրս է գրվել պայթյունից տուժած վերջին հիվանդը:

Շահենն ամենաերիտասարդ և հիվանդանոցում ամենաերկար ժամանակն անցկացրած բուժառուներից է: Պայթյունից այրվել էր նրա մաշկի 85 տոկոսը, հիմա էլ գրեթե ամեն օր գալիս է վերականգնողական բուժման: Այստեղ շատերը հիացած են նրա կամքի ուժով. - «Շահենը հերոս ա նրանով, որ անտրտունջ ա անցել էդ ճանապարհը, չի բողոքել ոչ մի օր, չի դիմադրել, որ «չեմ ուզում բուժվեմ»:

Համբերություն Շահենին դեռ պետք է գալու. նրան վերականգնողական բուժումից հետո բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են սպասում. - «Աչքերը, ականջները, ինչ կա էլի անհրաժեշտություն»:

Բուժվողներից շատերն էլ հիվանդանոցից հեռացել են անդամահատություններով, հաշմանդամության կարգերով:

«Ամպուտացված ա էլի մատերս: Շահենչիկից առաջ ես եմ հիվանդանոցից դուրս գրվել», - ասում է մաշկի ավելի քան 75 տոկոսի այրվածքներ ստացած Գևորգ Գասպարյանը, որ հիվանդանոցներում բուժվել է ուղիղ երեք ամիս:

Պայթյունից 7 ամիս անց շատերն են փորձում աչք փակել ձեռք բերած հաշմանդամության կարգերի վրա՝ կենտրոնանալով դրականի վրա:

Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում բժիշկներից բացի, բուժառուների հետ նաև հոգեբաններ են աշխատել: Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ հոգեբանի կարիք անգամ բժիշկներն ունեին: Այս կենտրոն ընդունված ավելի քան 370 տուժածներից 46-ը բուժման ընթացքում մահացել է:

Ողբերգական պայթյունից հետո ողջ մնացած մարդկանց կյանքի համար ամիսներ շարունակ պայքարելով, Այրվածքաբանության կենտրոնը հիմա վերականգնողական բժշկություն է անում նրանց հետ և պատրաստվում պլաստիկ վիրահատությունների, որն արդեն բուժման երրորդ փուլը կլինի:

Ստեփանակերտի պայթյունի տուժածներից Հայաստանում բուժվողներից բացի երկու տասնյակ մարդիկ էլ ուղարկվել են արտասահմանյան բժշկական կենտրոններ: Նրանցից 13-ը վերադարձել են և հիմա վերականգնողական բուժումը շարունակում են Երևանում:

Այլ մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG