Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Այսօր Թեհրանում այդ մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Նրա փոխանցմամբ, Հարավային Կովկասի անվտանգությունն Իրանի համար կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա։
Քանանին ասել է, թե Իրանի ռազմավարությունը բանակցություններ և բազմակողմ երկխոսություն վարելն է՝ օգտագործելով գոյություն ունեցող մեխանիզմները Հարավային Կովկասում տարաձայնությունները կարգավորելու և խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։