Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը պաշտոնական Երևանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել: Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ ռուս զինվորականներն Արցախում պետք է մնային առնվազն 5 տարի, այժմ նրանք այդ ժամկետից մոտ մեկուկես տարի շուտ լքում են Ղարաբաղը:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է Երևանը որոշի եռակողմ հայտարարությունից ստորագրությունը հետ կանչել: Հարցը գրավոր ուղղել ենք վարչապետին, պատասխան դեռ չկա:
Թեմային այսօր չցանկացան անդրադառնալ իշխանական պատգամավորներից շատերը: ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը միակն էր, որ համաձայնեց խոսել: Ռուսների հեռանալն Արցախի հայաթափումից հետո, ասաց, սպասելի էր, այժմ էլ թեև եռակողմ հայտարարությունն այլևս գոյություն չունի, բայց ստորագրությունը հետ կանչելու անհրաժեշտություն իշխանական պատգամավորն ամեն դեպքում չի տեսնում:
«Այնտեղ նաև ուրիշ կետեր էլ կան, հետևաբար ի՞նչ իմաստ ունի հետ կանչելը, դրա անհրաժեշտությունը չկա: Օրինակ՝ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված բան է, եթե մենք հիմա դուրս ենք գալիս, դուրս ենք գալիս ինչի՞ համար, ասում ենք, որ էդ մի կետը փակված է՝ Ռուսաստանը խաղաղապահ ուժերը հանել է, հետևաբար մենք գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Հարց է առաջանում Թուրքիայի մոտ, Ռուսաստանի մոտ, Ադրբեջանի մոտ՝ բա ճանապարհների ապաշրջափակո՞ւմը, էդ հարցին մենք ո՞նց ենք պատասխանում, այսինքն, մենք չե՞նք ուզում ապաշրջափակվեն ճանապարհները, բա ուզում էինք: Հետևաբար պետք չի», - ասաց Աղազարյանը:
Արցախից խաղաղապահների հեռանալը չեն մեկնաբանում նաև Մոսկվան և Բաքուն՝ բավարարվելով միայն խաղաղապահների դուրսբերման փաստը հաստատելով: Այսօր մոտ մեկուկես ժամ տևած հարցազրույցում թեմային չանդրադարձավ նաև Ռուսաստանի արտգործնախարարը: Փոխարենը Սերգեյ Լավրովը հերթական անգամ խոսեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստորագրված քառակողմ հայտարարությունից՝ պնդելով, որ Ղարաբաղի հայաթափման պատճառը ոչ թե ռուս խաղաղապահների անգործությունն էր, այլ հենց այդ փաստաթուղթը:
Այն, որ Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրս գալը կապ ունի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և անվտանգության երաշխավորի հանձնառությունից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետն է: Իսկ հետ կկանչի հայկական կողմը ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից, թե՝ ոչ, գործնականում, ըստ պատգամավորի, որևէ նշանակություն չունի:
«Մեռելածին փաստաթուղթ է, որին այսօր արդեն որևէ մեկը հղում չի էլ կատարում, չգիտեմ ճանապարհների ապաշրջափակում է՝ Ադրբեջանը կպահանջի, հետո մենք էլ ինչ-որ մի բան կպահանջենք: Հիմա Ադրբեջանն անընդհատ պահանջում է, այս իշխանությունները առանց որևէ հիմքի զիջում են», - ասաց Խաչատրյանը:
Այս երեքուկես տարվա ընթացքում 9 կետից բաղկացած այդ փաստաթղթի միայն երկու կետը լիարժեք իրագործվեցին՝ հայկական կողմը սահմանված ժամկետներում Ադրբեջանին հանձնեց Աղդամի և Քելբաջարի շրջանները, մնացած բոլոր դրույթներն, ըստ էության, այդպես էլ մնացին թղթի վրա: