Կրեմլը հաստատում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։
«Դա իրոք այդպես է», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Լեռնային Ղարաբաղից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր էին հրապարակել։ Ադրբեջանական APA-ն էլ գրել էր, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից։
«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», - հավելել էր APA գործակալությունը։
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, սակայն, այսօր հաղորդել էր, թե Ադրբեջանի իշխանությունները չեն հաստատում խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։
«Սոցցանցերում հրապարակված նյութերը այսօր չեն տեսագրվել», - «Թուրան» գործակալությանն էին փոխանցել ադրբեջանցի ուժայինները։
Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։