Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը պնդում է՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նշանակման մրցույթի կանոնները խախտվել են


Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը պատրաստվում է դատարանում վիճարկել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նշանակման օրինականությունը, համոզված է՝ մրցույթի կանոնները խախտվել են։

«Ստացվում է, որ քաղաքական թիմի ներկայացուցիչների համար գործում են այլ կանոններ, իսկ ոչ քաղաքական թիմի ու նույնիսկ շատ դեպքերում հակառակ տեսակետ ունեցող մարդկանց համար գործում են այլ կանոններ», - նշեց Քոթանջյանը:

Երկու ամիս առաջ ընդամենը մեկ թեկնածու է դիմել այս պաշտոնի համար՝ Հայկ Վիրաբյանը, որ Վանաձորի ժամանակավոր իշխանության կազմում է ավելի քան մեկ տարի՝ որպես պաշտոնակատար։ Իրավապաշտպանն ասում է՝ պատահաբար է տեղեկացել, որ մրցույթ է եղել ու Վիրաբյանն արդեն ոչ թե պաշտոնակատար է՝ այլ աշխատակազմի քարտուղար։

«Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն ինչ արտացոլվում է, բայց բաժնի պետքերի մրցույթների վերաբերյալ որևիցե հայտարարություն չհանդիպեցինք», - ասաց Գևորգ Քոթանջյանը:

Վիրաբյանի նշանակումից հետո վանաձորցի իրավապաշտպանները հայտարարել էին, թե կմասնակցեն համայնքապետարանի մյուս բոլոր թափուր պաշտոնների մրցույթներին դրանք թափանցիկ ու մրցակցային դարձնելու համար։ Ֆեյսբուքյան արշավ սկսվեց, մրցույթների հայտարարություններն արագ տարածվեցին ու հանկարծ համայնքապետարանը չեղարկեց հայտարարված 9 պաշտոնների մրցույթները։ Պնդեցին, թե դրանց կանոնները փոխելու կարիք կա։

Ինչո՞ւ են որոշել փոխել կանոնները, որով տարիներ շարունակ Վանաձորում մրցույթներ են անցկացվել ու պաշտոնի նշանակվել։ Նորանշանակ Հայկ Վիրաբյանն «Ազատությանն» ասաց՝ վրիպակն են շտկել։ Խմբագրումը ոչ ավել, ոչ պակաս վերաբերում էր հասարակական գործունեությամբ զբաղվողներին։ Նրանք այլևս իրավունք չունեն մասնակցելու տեղական իշխանության առանցքային պաշտոնների մրցույթներին։

Ինքը՝ աշխատակազմի քարտուղարը երկու ամիս առաջ իր պաշտոնին նշանակվելիս մրցույթում հաղթել է այն նույն պահանջներով, որ համայնքապետարանն ավելի ուշ օրենքին անհամապատասխան է համարել ու փոփոխել։ Ինչո՞ւ այս դեպքում ուժի մեջ են թողնում տեղի ունեցած մրցույթն ու Վիրաբյանին հաղթող ճանաչում։ Ասում է՝ իր դեպքում խախտում չկա՝ ինքը որպես գիտական աստիճան ունեցող է մասնակցել մրցույթին, ոչ թե որպես քաղաքացիական պաշտոն զբաղեցնող։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը մինչդեռ, համոզված է՝ միտումնավոր են փոխել, որպեսզի համայնքապետարանի համար անցանկալի անձինք մասնակցելու հնարավորություն չունենան։ Անցած ամիս Քոթանջյանը դիմել էր մի քանի բաժնի պետերի պաշտոնների համար, ու նրա դիմելուց օրեր անց մրցույթը չեղարկվել էր։

Դեռ նախորդ ամիս, երբ մրցույթներ հայտարարվեցին, դրանց մասին բարձրաձայնվելուց հետո համայնքապետարանը կրճատեց դիմելու ժամկետները։ Շատերը, որ ցանկանում էին դիմել ու մասնակցել մրցույթին, չհասցրին, ժամկետը ժամերի ընթացքում ավարտվեց։ Աշխատակազմի քարտուղարն այս դեպքում ևս պատճառաբանեց, թե վրիպել էին, ուղղեցին։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ միևնույնն է, նախատեսում է դիմել-մասնակցել մրցույթներին։ Մերժեն ընդունել հայտը՝ կբողոքարկի։ Համոզված է, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը մրցույթները վերահսկելու լավագույն հնարավորությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG